Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուր — (ո՛վ Մուսա, ներշնչե քու ժյուվընալդ) քերթող մը կը փնտռեն եղեր՝ վեր առնելու համար իրենց ամոթի տերևները.․․ դիմակները ըսել կուզեմ։ Դարձյալ այսպիսի քինախնդիր և նախանձահույզ բամբասանքներ (անվայել տղամարդու համար) կը դարբնվին այն հարկերուն մեջ, որոնք (կստիպեն ըսել) շնակա՜ն են և որոնց մեջ սիվիլիզասիոնը (չըսեմ սիֆիլիզասիոն) Ամերիկայեն կուգա իբրև էշանթիյլոն սան վալեռռ[1]: Վերջապես այնպիսի հարկերե, որոնց շեմերեն «ՀՈՂԴԱՐԸ» ներս մտնելու դժբախտությունն ունի և այնպիսի բարեկամներե՜՜՜, որոնց հետ քերթողը ծանոթանալու ապուշությունը կունենա երբեմն, բայց նաև դաստիարակելու անձնվիրությունը։

Չեմ սոսկար այդ զենքերեն, այլ կը հեգնեմ զանոնք, վասնզի կնկան զենքեր են անոնք։

Շուները կը հաչեն, բայց կարավանը կանցնի։

Անկեղծ ընկերդ
Դանիել Վարուժան


175. ԱՐԱՔՍԻ ԹԱՇՉՅԱՆ—ՎԱՐՈԻԺԱՆԻՆ

17 մարտ, 1912, Նիքսար

Սիրելի Արաքսիս,

Ժամը 11-ին հասանք Նիքսար։ Ճամբան գեղեցիկ էր, բայց բավական մրսեցանք։ Հոգ չէ, շատ առողջ եմ։ Նիքսարը Թոգաթեն դիրքի տեսակետով գերազանց է։ Գայլ գետին անկողինը Իրիսի երկու լայնությունը ունի. վրայի կամուրջին երկարությունը եզական է․ այդպես երկրորդ մը չէի տեսած, վրայեն կառքով քսան վայրկյան անցանք․ բայց խախուտ և փալտաշեն է միևնույն անգամ․ թուրքի գործ։

Քաղաքին մեջ ճերմակ քար մը չես գտներ՝ ամբողջ սև ապառաժ և այնքան ծառազարդ և բուսեղ, որ կարծես ժայռ

  1. Նմուշ առանց արժեքի։