Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

181. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՔԱՍԳԱՆՏԻԼՅԱՆԻՆ

28 մարտ, 1912, Պոլիս

Վեր<ապատվելի> հայր Արիստ․ վարդապետ Քասգանտիլյան,

Գերազնիվ Հայր,

Հին աշակերտ մըն է՝ Ձեր շունչով կազմված, որ կը դիմե Ձեր գրչին իր անմեռ հիացումով։ Պիտի հրատարակենք «Նավասարդ» անունով զուտ գրական և գեղարվեստական տարեցույց մը։ Ես խոստացա իմ ընկերներուս Ձեզմե պատառիկ մը խլելու։ Բացե՞ք Ձեր ներշնչման դուռը Ձեր սանին, որ կը բախե։

Եթե կուզեք՝ ղրկեցեք դրական նամակ մը Ձեր այնքան ինքնատիպ գրիչով ընդելուզված։ Դեռ երկու ամիսեն ավելի ժամանակ ունիք։ «Նավասարդը» աշնան դեմ լույս կը տեսնե։

Ձեր սիրալիության հարգանքով
Ձերդ
Դ. Վարուժան


182. ԵՐՎԱՆԴ ՔՈՉՅԱՆԻՆ

Հունիս, 1913, Պոլիս

Ազնիվ պարոն

Երվանդ Քոչյան,

Ստացա Ձեր նամակը և կարդացի Ձեր քերթվածները։

Ձեր բանաստեղծական կարողությունները դեռ կազմավորման մեջ են։ Բայց որովհետև ապագային արժեքավոր ըլլալու խոստումը կուտան, ուստի այժմեն իսկ, այդ տեսակետով, արժեք մը ունին անոնք՝ խոստումին արժեքը։ Դուք, ինչպես կերևա, ատակ եք հուզման և երևակայության։ Կրճատումներե խույս տվեք կարելի եղածին չափ ու ջանացեք նոր նյութեր գտնել գրելու համար։ Անշուշտ բանաստեղծ ըլլալու համար աշխատիլը անօգուտ է, բայց կա արվեստը, որ, ըստ իս, բանաստեղծության