Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դղրդմամբ մը։ Նավը երբ իր կայմին ամբողջ բարձրությամբ այն կամուրջին ներքևեն կը վարգե, մարդ այն ատեն միայն կըմբռնե ափերուն իրական բարձրությունը, որոնց մեջտեղեն ջրանցքը կապույտ ժապավենի մը պես կերկարե միշտ նեղեալով, հետո վերջնականապես բացվելու համար ավելի լայնորեն, ավելի անհունորեն՝ ա՜յն լազվարդագեղ ծովուն վրա, որ մեզ պիտի առաջնորդե Սալամինայի չնաշխարհիկ ծոցը, ծոց մը, որուն ջրերուն գեղեցկությունը անպատում է։ Արդյոք նախապաշարումե՞ս էր — չեմ գիտեր — կարծես այդտեղ ալիքներուն կապույտը երկնային թափանցկություն մը, երազային գեղեցկություն մը կը զգենու, նման կնոջ մը խաժ աչքերուն, որոնք իր հոգվույն լույսերով ողողված են։ Հիրավի, այդ ջուրերը միայն արժանի են Աստղիկներ ծնելու, ա՜յդ ջուրերը լոկ կրնան Դիցուհիին ծոցը վայելչորեն հորինել։ Ծովախորշը ամբողջովին շպարված է Ատտիկեի հզոր արևով։ Իր հեղուկ մարմնույն հեշտությունը, վավաշոտ կնոջ մը պես, կը տարածե իր ավազանին բոլոր լայնությամբը, իր կապույտ մորթը մեղմիկ քամիին տակ կը ծալծալի հարաճուն փոթերով, որուն վրայե անընդհատ պսպղուն մարգարիտներ կը հոսին և արևուն տակ կը պճլտան։ Նավը որքան հառաջանա՝ շուրջի լեռներուն ձևերը այնքան կը փոխվին, ամեն բարձունք լույսի մեջ է, իրենց ելևէջը, թեքումը, խորացումը կամ վերասլացքը հայտնող ամեն գիծ այնքա՜ն պայծառ, այնքա՜ն որոշ է, որ կարծես հատկապես քանոնով գծված ըլլան։ Միթե այդ տեսարանները, արևու այդ տիրապետումները չե՞ն, որոնք հելլենական արվեստը ըրին հստակ և իրապաշտ։ Եթե հանկարծ, այդ լույսով ողողված, լեռներուն ծոցն ի վեր կույսի մը բարձրանալը տեսնեի և դեռ նախապաշարումը ունենայի Աստվածուհի մը կարծելու անշուշտ է, որ զայն պիտի քանդակեի քրոջ մը բոլոր պարզությամբ, բոլոր մտերմիկ դիրքերով և բնական կիրքերով, առանց Նորմատիայի անտառներուն խորհուրդը հագցնելու անոր և առանց Ասորեստանի խորխորատներուն հրեշածին խավարը։ Այսպես ըրին արդնն հելլենները, երբ իրենց մտքին հավերժացման համար և իրենց սրտին կրքերան ամոքման ի խնդիր,