Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է արդեն։ Սույն թվականին է, որ տեղվույս Մխիթարյան Հայրերուն Քաղկեդոնի վարժարանը ավարտելե հետո կուղարկվիմ Վենետիկ Մուրատ-Ռափայելյան, ուր կը մնամ չորս տարի։ Հոն է, որ կը գրեմ «Սարսուռները»։ Ամբողջովին կզգամ, թե Վենետիկը ազդած է վրաս իր գույներու, ստվերներու և լույսերու հարափոփոխ գանձերով։ Քաղաք մը, ուր առանց պատկերի մտածել կարելի չէ։

Մխիթարյանները սիստեմատիկ ազդեցություն չեն ներգործած հոգիիս վրա։ Հոն ունեցած եմ ոչ կարող ու ոչ աշխատող հայերենի ուսուցիչ։ Կարդացած եմ Ալիշանը ու տեսած եմ իր գերեզմանը, և այսքան։ Բայց առիթը ունեցած եմ ուսումնասիրելու իտալական գրականությունը և հետո մեծամոլ խոկումներ ունեցած եմ միշտ գունածփիկ ու հրաշափառ քաղաքին մեջ, ուր վերջալույսները ժամերով ոսկի ու արյուն կը հոսեն լռանիստ ջրանցքներուն մեջեն։ Եվ հետո այդ չորս տարիները ինծի համար եղած են նաև ըմբոստացումներու տարիներ ընդդեմ վարժարանական անմիտ վարչության մը, զոր վերջիվերջո կրցած ենք տապալել կարգ մը ռուսահայ և թրքահայ ընկերներու հետ։

Հոն էր, որ առաջին անգամ քերթված մը «Ալիշանի շիրմին առջև» հրատարակության կուտայի «Բազմավեպին» մեջ։

Շրջանավարտ ըլլալեն հետո՝ դժվար և վտանգավոր էր երկիր վերադառնալ, և ես անցա Պելճիքա, Կանտ քաղաքը ու հոն հաճախելով հանդերձ գրականության դասընթացքներուն՝ կանոնավորապես հետևեցա քաղաքական և տնտեսական գիտություններուն, զոր ավարտեցի չորս տարի վերջ։ Կանտը բանվորական և միևնույն անգամ կենսուրախ քաղաք էր։ Ֆլասման կյանքն ու գեղարվեստը թերևս եղան պատճառ, որ արվեստս հ ակեր է դեպի իրապաշտություն։

Ձեզի ծանոթ ըլլալու են աննպաստ պայմաններու մեջ գտնվող հայ ուսանողի մը բոլոր տառապանքները, նյութական ու բարոյական արկածախնդրությունները։ Կրնամ ըսել, թե ամենեն խոր անձնական տառապանքները ես կրեցի Կանտի մեջ։ Սակայն, 1904—1907 շրջանն էր, երբ հայությունը կը խեղդվեր սուրի և սովի մղձավանջին մեջ, ու ես չուզեցի տեղ