Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ստեղծեցին ու կաղապարեցին իրենց աստվածները՝ գերազանցորեն մարդկայնական։ Նավը քանի հառաջանար՝ սիրտս այնքան կը տրոփեր հուշերովը հին մեծություններուն, զոր Հունաստանի պայծառատես խորհողները մեզի ավանդեցին։ Հուզումս մեծ եղավ, երբ Սալամինայի պատերազմին վայրեն քիչ մը հեռու ցույց տվին Թեմիստողղեսի գերեզմանը։ Երբեմն այդտեղ կը հսկեր մարմարեղեն առյուծ մը՝ պահապան ծովեն գալիք վտանգներուն։ Այսօր այդ առյուծը Վենետիկ է, նավարանին մեջ, ուրիշ շորթված հնություններու հետ։ Այսօր ալիքները չեն լվար անոր բաշերը և ոչ ալ իրենց անդնդագոռ մռունչները փոխ կուտան անոր գեղակերտ մռթներուն․ ալ չի՛ նայիր ան դեպի ակնախտիղ հորիզոնը, ուր Քսերքսեսի ստվերը կը տարածվեր ու ժիր հույները կը խմբվեին։ Այժմ նոր Եունանն է, որ շոգենավներու մեջ իր արծաթները բեռցուցած գարշ ծուխով մը ողողելով այդ հորիզոնը՝ կանցնի կերթա՝ առանց անգամ մըն ալ բարձրանալ կարենալու իր պապերուն հանճարին սյունին վրա հոնիական։

Ժամը իրիկվան հինգն էր (Ը. <ստ> Ե․ <վրոպացվոց>) երբ ժամանեցինք Բիրեի նավահանգիստը։ Բիբեն Ատտիկեի ավերակներուն առաջինն եղած է, զոր Հունաստանի ազատագրումեն հետո վերաշինած են։ Անոր վրա հնության ոչ մեկ հետք կը նկատե մարդ։ Եվրոպայի ծովեզերյա քաղաքներուն սովորական տեսարանն է, զոր ան կը ներկայացնե, և որուն ճամբորդը ստեպ կը հանդիպի Մարսիլիայի, Անվերսի, Աղեքսանդրիայի և այլ նման քաղաքներու մեջ։ Շոգենավներու բազմություն մը, անդրդվելի կերպով խարսխված, ոմանք ծխաշունչ, ոմանք ամայորեն հանդարտ՝ կարծես հոգնած երկար ճամբորդություններե. անոնց ներքև նավակներու վխտում մը, անդին սոսկավիթխար բեռնաբարձի մը աղմուկը, ուրկե հակերը սպառնանքի մը պես կը կախվին, նավաստիներ, որ նավը կը լվան, նավաստիներ, որ խարիսխը ծով կը նետեն, նավաստիներ, որ կայմին պարաններեն վեր կը սողան և թռչարանին վրա կը տնկեն դրոշակն հողմածփիկ. և ասոնք՝ մի՜շտ, և ասոնք՝ գիշեր և ցորեկ․ ջուրերը շոգիացնող անողորմ արևուն տակ, ոչինչ ունին հնօրյա, որոնց