Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մատնանշել է մի քանի վրիպակներ (մայիսի 28, թիվ 28, էջ 8), որոնք ուղղվել են ներկա հրատարակության մեջ։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

1. Կաբիրուհի — հունական դիցարանում հողի, բերրիության, ստորերկրյա հրո աստվածուհի, որ փոթորիկների ժամանակ оգնում էր ծովագնացներին։

2․ Քու վրադ ալ օր մը կանգ առավ Բերթղեհեմի աստղը — Բեթղեհեմը քաղաք է Պաղեստինում (Երուսաղեմից հարավ), ուր ծնվել է Քրիստոսը։ Ընդգծված արտահայտությունը վերաբերում է Մխիթար Սեբաստացուն, որի ծնունդը իր նշանակալիությամբ Վարուժանը համեմատում է Քրիստոսի ծննդի հետ։

3. Հոդդարցի Մխիթարն էր — խոսքը Մխիթար Սեբաստացու մասին է, որը ծնվել է Սեբաստիայի Հողդար թաղում։


13. ԸՂԵՂՆԵՐ

(էջ 42)

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Հող—Դար», 1911, հուլիսի 9, թիվ 30, էջ 1, ապա՝ Երկեր, 1946, էջ 371—372, Երկեր, 1984, էջ 453—454։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

1. Սփինքս — հունական դիցարանում առյուծի մարմնով և կնոջ գլխով թևավոր հրեշ, որ բնակվում էր ժայռի վրա ու սպանում անցորդներին, երբ նրանք չէին կարողանում լուծել իր առաջարկած հանելուկը («ո՞վ է առավոտյան քայլում չորս, կեսօրին՝ երկու, իսկ երեկոյան՝ երեք ոտքով»)։ Փոխաբերաբար նշանակում է՝ առեղծված, հանելուկային մարդ։


14. ԴՐՎԱԳ ՄԸ ՃԱՄԲՈՐԴԻ ՀԻՆ ՀՈԻՇԵՐԵՍ

(էջ 44)

ԳԱԹ-ում պահպանվում է Վարուժանի մի ծոցատետրը (ԴՎՖ, № 52), որի վերջից (էջ 41 ա — 42) կա սևագիր ու անխորագիր մի պատառիկ։ Համեմատությունը ցույց Է տալիս, որ ինքնագիր այդ հատվածը «Դրվագի» 1—2 պարբերությունների տարբերակն Է։ Ահա այն.

«Այլասերված Բյուզանդիոնն հասնելե առաջ կը փափաքիմ Հունասաանի կղզիներուն վրա ձեզի քանի մը տպավորություններս գրել։ Կարճ կը նկարագրեմ զանոնք, որ նավեն կարելի եղավ տեսնել, իսկ չտեսածներուս վրա գրելու համար կապաստանիմ քանի մը պատմական հիշատակներուս։

Գորֆու կղզին չհասած դասական ծովը իր բոլոր զարդերն զգեցած էր, աստղերու ավազան մը, և լուսինն իբր մանյակ լանջին ձգած հեշտանքներու պատրաստ կնոջ մը պես իր մարմնույն բուրյան ճապուկությունը կը տարածեր հորիզոնե հորիզոն, ծովին ամբողջ ընդարձակությանը լույսով շպարված, զեփյուռին շունչին տակ հարսի մը պես կը սարսռար և մշտածալ մորթին վրա կարծես պսպղուն մարգարիտներ կը հոսեին։ Նավը Գորֆուին առջև