Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նյութերն ատոնք են միայն, քանի որ հավիտենական են զանոնք հասկցող աղեկ մարդիկը։ Եվ այս մտածումը ստեպ զիս կը տանջե. ես, որ հավատքը ունիմ մարդ էակին հեղափոխումին դեպի գերմարդը, դեպի կիսաստվածները, զոր մեր պապերը իրենց ծոցին մեջ ունեցան՝ երբ վրանեն դեռ չէր վերցեր Աստուծո ստեղծագործ տաք մատը։ Մեր խոսակցություններուն ժամանակ միշտ իմ եռապատիկս կը խոսի ան, և ես իր խոսածին մեջ երրորդին կունկնդրեմ։ Օ՜, որչա՜փ պետք էին լռության պատկանիդ և դժբախտաբար չեն պատկանիր։ Բարթող աղան և իր նմանները ուղտերն են ամայի անապատին, որուն մատիկ մը խոտը օրերով կորոճան՝ վե՛ր բերելով իրենց լայնածավալ ստամոքսեն։ Ան իր հայտնած գաղափարներուն մեջ — չըսեմ իր գաղափարներուն մեջ — կատարելապես հին է, բայց ոչ այն քաղցրաբույր հնությունը, զոր ես թանգարաններուն մեջ կը սիրեմ հառաջդիմության իբրև հիմ ծառայելուն համար, այլ տեսակ մը փտություն՝ նման շաղփաղփուն շենքերու թափթփող ծեփին։ Նորություն և այլազանություն՝ քաղաքակրթության այդ էական մասերը, օտար են այդ միջակ մարդեն։ Ինք զանոնք կատե, վասնզի չի՛ կրնար հասկնալ և եթե հասկնա իսկ՝ չի՛ կրնար մարսել ա՛յն ըղեղով, որ աղիքե մը տարբերություն չունի։ Ժամերով փորձած եմ զինք հպատակեցնել նորագույն իտեալներու, քանի որ խորհած եմ, թե իտեալով մարդ միայն կը տարբերի անասուններեն։ Եվ մարդ կատարելության մոտենալու համար ո՞չ ապաքեն քիչ մը մարգարե պետք է ըլլա։ Հոգին ապագային տիրապետության համար ստեղծված է, և այն հոգին, որ ապագան չըներ իրեն որսը, ինքը կըլլա որսը ժամանակի ջնջումին. այդպիսի հոգիի մը աչքերը բացված են միայն ծոծրակին վրա, և կը տեսնե անցյալը միայն և անցավոր է մարմինին նման և մարմնին հետ։ Բարթող աղան երբեմն ինծի կունկնդրե նաև, և երբեք չըլլար, որ չտա ինծի հավանություն, հավանություն մը, որ ոչ թե նպատակ ունի հաստատելու զիս իմ միտքերուս մեջ, այլ փութացնելու անոնց վերջակետը։ Ան կատե իմ գաղափարներս և չի՛ ըսեր թե կատե. այնքան միջակ մարդը կը վախե բախումներե։ Բայց ես ստեպ