Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դեպի Երկի՜րը, որուն դրախտը գետնասույզ կորսված է աճյուններո՜ւ, աճյուններո՜ւ տակ, զոր հ<յու>սեցին սգավոր մայրերը իրենց մազերեն, ու դարավոր կմախքները իրենց մսաթափ ծնոտներեն։

Եվ ճամփաները կը բացվին դեպի այդ Երկի՜րը, և անոնք, Հայասաանի Ռահվիրաները, կանցնին լուսավոր երևույթներու պես։

Իրենց առջև կը ցամքեցնեն ճահիճները գորտերու կառանչյուններուն վրա, կը կամրջեն Եփրատը, գահակներով կը խճազարդեն ափունքները Իրիսին և Ալիսին։ Կը դարբնեն Արտոսի լեռնաշղթաները ու իտհալին մարմարներով կը սալարկեն ուղիները ջորիներուն և կածանները այծերուն։

Ճամբաներ, նորահրա՛շ ճամբաներ են, զոր կը հորդեն սիրտն սիրտ և սերունդե սերունդ, ու իրենց աղաղակին, կուրծքին առջև կը լայննան ու կերկարաձգվին պողոտաներն արևատառ, ուրկե պիտի քալեր, ապագային, տենդահույզ հեղափոխությունը Հայկական, սուրը՝ ձեռքին, ջահը գանկին մեջ։

Անոնը շունչը, իբրև գարունի զեփյուռ, կը բանա դուռները մոռցված հյուղակներուն, ուր հավատքը վառիլ կը սկսի թոնիրներուն բոցին պես։

Անոնց սպիտակ ձեռքերը՝ աթարով ծեփված գոմերուն օրհնված հիմունքին վրա կը բարձրացնեն տաճարները լույսին, ուր կը ծնանի գաղափարը, ինչպես մանուկ Հիսուսը մսուրի մը ոսկի հարդերուն վրա։

Եվ անոնը խոսքը, փայլակնաթափ որոտում, կը փրթի ամպերուն և կայծակներուն կողեն, և ստվարացած, լեռնացած արձագանքե արձագանք, կը տարածվի և կողողե մեկ ծագեն մյուսը հայրենի աշխարհը բովանդակ։

Կը ծաղկի վերածնունդը։

Նշենիները ծիրանի կզգենուն բլուրներուն վրա։

Հնոցներուն մեջ կը նետվին խոփերը, և այս անգամ ապրված դեղերուն խարույկին մեջն է, որ կը ծնանին կտրիճները ու նոր հարսերը, բոլոր նոր հարսերը՝ վարդենիներուն մեջ, կունենան կարմիր հղացումներ կարմիր որդիներու։