Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/530

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իր երկրորդ կնոջ հորդորով սպանեց առաջին կնոջից ծնված զավակներին, Զևսը (տե՜ս «Կրոնքները» հոդվածի № 25 ծանաթագրությունը) նրան առաջարկեց ընտրել մահ կամ կուրացում։ Փինևսը համաձայնեց վերջինին։


5. <ՎԵՆԵՏԻԿ>

(էջ 225)

Պահպանվել է սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 52, Էջ 4 — 6։ Գրված է ծոցատետրում, անթվակիր է ու թերի։

Ուղեգրութեան այս փորձը հավանաբար կատարել է հայրենիք վերադառնալուց հետո (1909), երբ մտադրվել էր Վենետիկի «համայնապատկերը վրձնել» (տե՜ս «Դրվագ մը ճամբորդի հին հուշերես (Վենետկեն Աթենք)» ուղեգրությունը և համապատասխան՝ № 3 ծանոթագրությունը)։

7. Մարմարեղեն սիրենա մըն է — հունական դիցաբանում սիրենաները կես-թռչուն կես-կին էին, որոնք կախարդական երգով հրապուրում էին ծովագնացներին և դարձնում իրենց զոհերը։ Փոխաբերաբար նշանակում է կախարդական գեղեցկուհիներ, որոնք գայթակղում են իրենց ձայնով։

2. Մեծ-ջրանց — Վենետիկի 157 ջրանցքներից ամենամեծը, ունի 3 կմ երկարութեան և 30—60 մետր լայնություն։


ՆԱՄԱԿՆԵՐ

(էջ 227)

Դանիել Վարուժանը թողել է նամակագրական արժեքավոր ժառանգություն։ Բանաստեղծի նամակները, որոնք հասցեագրված են պաշտոնական անձանց, ընկերներին, մտերիմներին ու հարազատներին, նրա առօրյա կյանքի, գաղափարների, հայրենասիրական ձգտումների, գեղարվեստական ըմբռնումների, ստեղծագործական որոնումների, հղացումների, խոհերի ու ապրումների բացահայտումն են և ընդգրկում են 1901 — 1915 թվականների ժամանակահատվածը։

Վարուժանի նամակների գիտական հրատարակության համար հիմնական աղբյուր են ծառայել արխիվային նյութերը։

Հայտնի է, որ գրողի եղերական սպանությունից հետո նրա այրուն՝ Արաքսի Վարուժանին հաջողվել է Փրկել ամուսնու արխիվը։ Բայց թե այնտեղ «Հացին երգը» ժողովածուիդ բացի ի՞նչ նյութեր կային, ստույգ հայտնի չէր։ Միայն 1963-ին, երբ բանաստեղծի՝ ԱՄՆ-ում ապրող զավակները՝ Վերոն, Արմեն և Հայկ Վարուժանները թանգարանին նվիրեցին իրենց հոր արխիվի մեծ մասը, պարզ դարձավ, որ բազմաթիվ կարևոր նյութերի թվում պահպանվել են նամակների սևագրությունները։ Դրանք հիմնականում ամփոփված են մի ընդհանուր տետրում (№ 67) և վերաբերում են 1905 — 1909 թվականներին։