Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

17. ԾՆՈԻՆԴ

Զարհուրելի ձմեռ։

Սպիտակ անհունության մեջ մարդիկ կոռնան շնագայլերու պես։ Արևելքեն Արևմուտք բոցահեր պատերազմը կարշավե՝ պղծելով կուսությունը ձյունին։ Ռուսական ստեփներեն մինչև կատարը Վոժերուն ու մինչև Ովկիանոսը խռոված՝ ռումբերը կը սլանան՝ նման կտրված արյունռուշտ գանկերու։

Ծնունդին խաղաղությունը, վիրավոր, միջոցին մեջ կը հեծեծե։ Դիակնե՜ր խրամներուն մեջ և ձյունը դիակներուն վրա։

Այս գիշեր, ամայի ախոռներուն մեջ, բոլոր աշխարհի Աստվածածինները իրենց մանուկները կը ծնանին, մեն մինակ, առանց դայակի, առանց հայր Հովսեփներու։

Ոչ սափոր մը տաք ջուր ունին նորածիններն լվալու համար, ոչ խանձարուրներ՝ զանոնք փաթթելու համար։

Այս տարի որքա՜ն ցուրտ են մսուրները, անոնց մեջ չի փռեր հարդը իր ոսկի փափկությունը․ խոտը չի՜ խնկեր ամառվան արևեն մնացած իր եղկ հոտերը։ Սարդոստայնները միայն կը տարածվին պատերն ի վար՝ նման պատանքներու, ուր ցուրտեն կծկված մամուկներ անտրտունջ կը մեռնին։

Ամայի են ախոռները՝ խորտակված դուռներով, կիսափուլ կտուրներուն վրա ձյունը կը բարդե, միշտ կը բարդե իր սպիտակ մեռելաքարերը։

Մանուկ Հիսուսները կը մսի՜ն, կը մսի՜ն այս զարհուրելի ձմրան մեջ։

Ո՞ւր են եզն ու գոմեշը, ձին ու ավանակը․ ո՞ւր Է իրենց գաղջ շունչը, որուն տակ նվիրական մանկիկները ջեռուցված՝ վեր կը վերցնեին իրենց թաթիկները Աշխարհի օրհնության համար։