Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չկան եզն ու գոմեշը․ անոնք հեռո՜ւն, հեռո՜ւն դժոխքին մեքենաները կը քաշեն մահու լեռներեն։

Չկան ձին ու ավանակը. անոնք իսկ պետք եղան Տերերուն, ծիրանի հագնող և արյուն թափող Տերերուն, հոն, Մեղքին հեռավոր ճամբաներուն վրա, ուր կը պառկին մեռելները ձյունը խածած։

Այս գիշեր Հովիվները չեն գար այցի, և Մոգերը արևելքեն չեն բերեր զմուռս և կնդրուկ իրենց արծաթե ափսեներուն վրա։

Հովիվները, մոլորած, արյուն կը խմցնեն իրենց հոտերուն, և Մոգերը կուրացած, ա՜լ չեն տեսներ երկինքին վրա Բեթղեհեմի Աստղը։

Ու Բեթղեհեմի Աստղը, սարսափեն նվաղած, կը մեռնի երկնակամարին վրա։

Աստվածածինները կը շարունակեն լվալ արցունքներու մեջ իրենց մանուկները, խանձարուրել սև քողերու մեջ իրենց ծնունդները։

Խե՜ղճ Որբևայրիներ, խե՜ղճ Որբևայրիներ, գլուխնին քարշ ձգած, և ձեռքերն իրենց ծոցին մեջ կը համառին հսկել մսուրներուն առջև, ուր մթնշաղին խորեն կը ծաղկին երկու լույսեր, երկու փոքրիկ բիբեր, Տիեզերքին վրա։

Դուրսը բքախառն քամին կը մռնչե․ բարձունքն բարձունք մարդկային ոհմակները կոռնան՝ արյունոտ լեզվնին կախած, ու վիրավորները հորիզոնե հորիզոն կը փակեն աչքերնին կանանչ երազի մը կարոտով։ Ու կանանչ երազը, Ծնունդի կանանչ ծառին հետ, կը թառամի հեռավոր հյուղակներուն տակ։

Օ՜, կոչնակներուն ձայնը գյուղերուն վրա․ անոնք այս գիշեր չե՛ն թրթռար աղոթքով, իրենց պղինձը օդին մեջ կը պայթի զարհուրանքով, և գանգյուններ, հրեղեն կարկուտի պես, կը հեղեղվին վարը՝ ռազմադաշտերուն վրա, ուր ոմանք մի՜ս կը խածնեն, շատեր կը խածնեն հողը։

Աստվածածիններուն ծոցին մեջ կաթը կը սառի։

Երեխա Հիսուսները մսուրներուն մեջ կարթննան։