Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փայլա՜կ... Վերցուցի գլուխս. երկինքը պայծառ էր։ Ամպը մեր տղոց դեմքերուն և փայլակը անոնց շրթունքներուն վերա կը պատեր, հասկցա, բայց երբ տղայոց դեմքերը և մանավանդ մեր տղայոց՝ ամպոտ և փայլակնոտ են, մի՜ դողացեք, վախեք անոր համար, որ իրենց ամպը... առանց անձրևի կանցնի, և փայլակը․․․ առանց կայծակի։

«Փայլակ»ը, այո՜, կը դատափետեին զայն, թե այսինչ գույնով փայլեցավ, թե այնինչ կողմը հառած էր իր աչքը, թե իր կայծակը այսինչ հորիզոնին ուղղված էր։

Օրհնած «Փայլակ», իրավցնե մազեդ մինչև ոտքդ երանելի ես, հարուցած շանթդ բավական փորձանք բերավ գլխուդ։

Վախցածի պես շրթունքներդ մի կախեր խոսքերս քեզի ուղղելուս, ինչպես Ազոլոյի մանուկները․ մի վախեր, ես ալ զքեզ պիտի չդատափետեմ վասնզի ոչ քու արձակած շանթդ հրապարակի Ապողոնի մը շանթին կը նմանի և ոչ իմ շանթարգելս ազոլոցիի մը գլխարկին (սիրուն ուսերնիդ մի թոթվեր)։

Ողորմելի մարդ (կամ ըսեմ մարդկեղեն փայլակ)։ Առջի հոդվածդ չտպեցին, երկրորդին վրա մրմռացին և դեռ կը փալփլիս, այդ գործովդ կատարյալ Տոնքիշոտ մը կը ներկայանաս ինծի «Եղի»ի դաշտին մեջ հասկերու հետ պատերազմելով, քեզի խոհեմությունը կը պակսի այդ հասկերը դեռ հասունցած չեն․․․ այսինքն մեր տղոց ուղեղները (ազնվության մեջ)․․․

Ե՞ս, ես կընդունիմ, թե ըսածներդ ճշմարիտ են և ուժով, կը հասկնաս, ուժո՜վ, և այդ ուժովը թեթև քողի տակ փաթթված։ Ահա թե ի՜նչ է վիրավորողը․ զորավոր խոսքին զորավոր ոճ պետք է հագցնել, այն ատեն ընթերցողին միտքը պիտի ճնշե և ան զինաթափ պիտի ըլլա ճշմարտության վրա ըմբոստանալու։

Օրինակով բացատրեմ․

Երբ երկաթի պզտիկ զանգված մը սիկարի թուղթի մեջ փաթած նետեք մեկին, կը վիրավորե և երբ շատ մը լաթերու մեջ պլլվի, ազդեցությունն անվնաս կանցնի մեջտեղեն։