Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

5. ՀԵՏԱՔՐՔԻՐ ՈԳԻԻՆ

(Պատասխան)

Հոն, վհերուն, քարայրներուն մեջե ձայն մը կը լսեմ, հեռուն, շատ հեռուն․ իմ անունս կուտան, շա՜տ հեռուն, հավատարիմ զեփյուռներս ինձի կը բերեն իր մրմունջները։ Ո՞վ է ան, որ հափշտակությանը վայրկյաններս կուգա խանգարիլ․ քնարս՝ իր երազկոտ թրթռումներուն մեջե կը սթափի զինքը փնտռող հետաքրքիր կանչերե, որոնք հեռուեն, լեռան վրա կը սահին՝ առանց դառնալու հոս, վարը, քաղքին մեջ․․․

Իջի՛ր, իջի՛ր, n՛վ ոգի․․․

Ձգե՛ վայրի խուզարկություններդ, թո՛ղ լեռներու և ձորերու ելևէջները, անոնք պիտի հոգնեցնեն քեզ։

Ես վհերու մեջ չեմ, քարայրներու, խավարներու, ստորերկյաններու անծանոթներու մեջ չեմ, այլ վիհը, քարայրը, խավարը, անծանո՞թը իմ մեջս է։ Ես մարդերո՞ւն մեջ եմ, և բնությունը՝ մարդերուն մեջ է։

Իջի՛ր, ես վարն եմ։

«Ոսկի հասկը», «Վարժապետը», «Հայր, օրհնե՛», «Մոխիրները», հյուղակին վարն են։ Հոն, ուր նիհար բազուկներ դեպի երկինք «հա՜ց» կաղաղակեն, հոն, ուր գժգունած դեմքեր գերեզման կիջնեն, հոն, ուր կյանքի պրկումները կը ճարճատին, հոն, ուր մարդկային սրտերու տապկումը մոխիրներու մեջե իր ճենճերով երկինքը կը սնցնե։

Ես վշտին մեջ եմ, ուստի մարդերուն մեջ եմ։

Արդ երկնցուր ինձի ձեռքդ և իջիր։

Առանց «Զիրտուշդի» դիմակիս դպչելու, նույնիսկ սոխակը, որուն երգը մերինին պես թեժ չէ, տերևներուն տակ ծածկըված կերգե։