Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1 9 0 2


1. ԳԱՐՆԱՆ ԵՐԵԿՈՆԵՐԸ ՄՈՏԱՑԻ ՄԵՋ

Այն օրեն, երբ հոգիս զգաց զգացումը սիրո և գեղեցկին. այն օրեն, երբ գանկիս տակ սկսավ իտեալն իր փթիթներն առնուլ, չքնա՛ղ Մոտան՝ հոգեթով և բանաստեղծական վայրս, երազներուս և խոհերուս օրորանն եղավ միշտ ու ներշնչումներու գրգարան մը։ Մտածմանցս յուրաքանչյուր թռիչն իրեն կը պարտիմ, իր գարունն ու ձմեռը, իր ծաղիկը, իր ծովակը և իր լուսինը, ամենայն ինչ ինծի պաշտելի են, անոնք զիս գաղափարներով սնուցին և զգացումներով տոգորեցին։ Իր գեղածիծաղ ծոցը, իր գրգանքներուն մեջ և տեսարաններուն առջև արբշիռ ժամեր ունեցա․ ես, ժպիտի և արցունքի ժամեր, անէացման ժամեր։ Բնության հազար հրաշալիքներուն ի տես՝ պաշտեցի՜ և սիրեցի՜, հավատքն ավելի պինդ հոգիս գրկեց՝ ա՜լ չթողելու աստիճան...

Միշտ պիտի հիշեմ իմ Մոտաս, իր հիշատակին սրտիս ամենեն գեղեցիկ տեղը նվիրած եմ․ կյանքիս մեջ պիտի երգեմ զայն ամեն անգամ, երբ բնությունն ինձ ներշնչումներ տա․ թող ան ընդունի այս երգերը, թեպետ անոնք, ավա՜ղ, արցունքոտ են և վիրավոր հոգիե մը կը բխեն։

Ա՜հ, կրնա՞մ մոռնալ միթե, մանավանդ իր գարնան երեկոները զով և զգլխիչ։ Ժայռի մը վրա ընկողմանած, որ ծովեզերքը կապույտ ջուրերուն վերև լուռ կը պառկի, կը դիտեմ, կզգամ և կը գրե՜մ. այդ գրերը իր լուրթ երկնքեն կիյնան սրտիս մեջ և անկե թուղթին վրա կը շարվին խորհրդավոր․․․

Մոտայի մթնոլորտին տակ բան մը կը գտնամ ես ամբո՜ղջ անույշ, ամբողջ թովիչ։ Իր արևմուտքն ամենեն ավելի հոգիս կը վերացնե, երբ ա՜ն աշխարհիս մեծ ջահը, երկնից կամարը կիսաբոլոր չափած կուգա վերջին հրաժեշտը տալ՝ մեծ հրաշալիք մը կը բանա առջևս, որուն հանդեպ ապուշ կրթյալ կը դիտեմ