Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

7. <ՊԱՏԱՍԽԱՆ>

«Եղիի» 12-րդ թվով Զիրաուշդի քանի մը դիտողություններուն հերքումը կար։ Եվ ի՜նչ հերքում... կը տեսնենք։

Կանխավ կը ներեն ընթերցողները այս պատասխանը ուշացնելուս, ըլլա «Եղիի» կանուխ ձեռքս չհասնելուն ու ավելի ես պտույտի արցելիչ պատճառներուն համար։

Ջղային գրգռումով, առնվածի մը թափով, «Ե՜ս սխալ գրեմի» մը ինքնահավանությամբ, «Ես անոր կը հասկցնեմի» մը միամտությամբն Է, որ առաջին անգամ ինքզինքը, իր պատվույն հետ կը ցուցադրե Եվոլին Տավիղ:

Ինչո՞ւ այս բանս, այսօրինակ հոխորտանքով․ վասնզի ազնիվ պարոնը զինքը անսխալական կը դավանի և իրեն գրածները՝ հավիտենական ճշմարտություններ, զոր կը ցուցնե ալ։

Խեղճ խմբագիր, որ այսպես գրություններ կը հյուրընկալե, որոնք եղածովը սխալ և որոնց գրողները կամ, լավ ևս, գրողը <1 անընթ> ինքնավստահությամբ փքած դեռ առաջին գարեհատով մը. ինչ, իբրև թե մեր գրածները շատ <նոր> և գեղեցիկ բաներ են․ ո՜չ, այդ չեմ ըսեր, բայց գեթ մեր գրածներուն մեր անձնական համեստությունը կը միանա, որ է՝ մենք մեր խեղճության գիտակից ենք։ Արուսյակին, երբ մի քանի իր սխալները անդրադարձուցին, լռեց առնինք ան շնորհակալությամբ. Արուսյակը, որ թերևս իր քննադատողեն լավ <կը> գրեր։

Ասով չեմ ուզեր ըսել, ո՛վ Եվոլ Տավիղ, քննադատությանս մասին լռե, շնորհակալ եմ, այդ չէ, այլ շատ գեշ ըրավ, մանավանդ իրեն, որ իր դարձվածքներուն մեջ անձնապաստան խեղկատակ մեղավ և, ըսածներուն մեջ՝ երևելի ու միայն իրմե աներևույթ կարծած աճպարար մը։