Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասոնցմե անմիջապես վերջը․

«Կը հիշեմ ո՜հ մայրիկս այն ժամերը ուր (դարձյա՜լ ուր) ծնրադիր ու աչերդ բարձրացյալ երկինք՝ կաղոթեիր»։ Նախ, նորեն կը խնդրեմ կետերը դնեիր։ Հետո սա աչերդ բարձրացյալին աչք մը տուր, կարծեմ աչերդ բարձրացուցյալ պիտի ըլլա և կամ բարձրացուցած։

Իսկ «զեփյուռե բերված տավիղներու մրմունջքին» այս խոսքը՝ հին չէ, երկուքս ալ ծանոթ ենք, և այս անգամ դու ծանոթին ծանոթն ես։ Ասոր հետ կը միացնես գոլորշունչ բառն ալ ըսելով՝ «․․․բառին սխալ ըլլալը կապացուցանես, է՜յ հելպեթ դու հավելաբան մես, կը հասկցվի, իսկ ես․․․»։ Նախ թույլատրե, որ այդ իսկ եսեն վերջ ինն մեկ կետերուն տեղ դնեմ բաց գիրով այս բառերը տաճկաբան մես օֆ ճանըմներու, աղաներու, պելքիներու. և սուսերու․ Բայց կատակը մեկդի։ Ընդհակառակը, բառին ճիշտ ըլլալ իսկ անոր սխալ իմաստով գործածվելն է, որ կապացուցանեմ։ Իսկ «հայկաբան մ՛ես» ինչ կուզես. ըսել, եթե մրմուջ ու գոլորշունչ բառերու գիտակցությամբ է, որ հայկաբան կըսվի՝ այն ատեն, լավ ուշ դիր․ Ստեփանեն մինչև Ստեփանիկը քեզի համար մեկմեկ հայկաբաններ են. այնքան սովորական են այս բառերը։

Անցնինք։

«Ամառնային օրերուն մեջ երբ ստվերը, այն մութ թռչունը՝ իր թևերով կը ծածկե աշխարհս, որպեսզի բոլոր տիեզերքը ննջե խոր քնո մեջ, հանգստանա»։ Ահա գաղափարի սխալ, նմանության սխալ։ «Երբ ստվերը, այն մութ թռչունը»․ կը հասկնամ մութը, գիշերը ըսել կուզես, բայց, տղա, այսպես բան չըսվի, չըսվի այսպես բան։ Սև թռչուն՝ կը հասկնամ, բայց մութ թռչունը ո՞րն է։ Հետո ստվերը, գիշերը ինչպե՛ս թռչունի կը նմանցնես. այդ նմանությունը ուռուցիկ է, սխալ է, համեմատություն չկա, կաթիլ մը ճաշակ, և պիտի ըմբռնես ըսածս։

Անմիջապես վերջը․

«․․․այն ատեն ուր (դարձյա՜լ ուր) ամենքը ներդաշնակությամբ գինովցած կը քնանան ու լռությունը կը տիրե քաղցրանվադ անտառներու մեջ»։ Ներդաշնակությամբ