Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արևն Արարչին տեղն անցած է, և մարդ սկսած է զոհել նյութական Լույսին, ի՞նչ-որ կը զոհեր իր Աստծվույն։

Ա՜լ անգամ մը մոլորական ճամբուն մեջ, ան պիտի չը վարաներ նաև աստղերը և Լուսինը աստվածացնելու և կամաց-կամաց օդերևույթները ամբողջ բնության։

Այս երկու կարծիքներեն ո՞րը ընդունելու է։ Ես կարծեմ երկուքն ալ մասամբ, ո՞չ մեկը՝ ամբողջապես։ Բացի հուդայականութենեն ամեն կրոնքներն ալ եղած են բազմաստվածյան, բայց քանի մը դեռ ուրիշ կրոնքներ, որոնց աղբյուրները թեպետև տակավին կիսաստվերի մեջ են, սակայն մեզի կը ներկայանան միաստվածության բոլոր որակիչ նշաններովը։ Եթե առնենք Զորոաստրի և Պուտտայի վարդապետությունները, կը տեսնենք, որ անոնք միաստվածություն Է, զոր կը քարոզին, գեթ քանի մը երկրորդական Ուժերեն՝ հատ մը այնքա՛ն բարձրացուցած, այնքա՛ն գիտակցական և ամենակարող ներկայացուցած են, որ մյուս քանի մը աննշան Ուժերը կը դառնան միայն իր ստորոգելիներն։ Այսպես է Պրանման և այսպես է Օրմզդը:

Բայց ո՞չ Զորոաստրի, ո՞չ Պուտտայի և ո՞չ ալ Գոնֆյուսյուսի կրոնքները իրենց գրեթե մաքուր միաստվածության մեջ պահված են։ Այսօրվան նույն իսկ կրոնական գրքերը օտար ձեռքերե խառնակված և ավելցված կը գտնանք։ Դարերու երկար հոլովման մեջ ժողովուրդը իր Աստվածը շրջապատած է ամեն տեսակ ավելորդապաշտական չաստվածներով, ոգիներով և դևերով։ Բայց այնուհանդերձ ամեն ժամանակի, ամեն տեղվո և ամեն ժողովուրդներու քով, հույներեն և հռովմայեցիներեն մինչև հետին վայրենիները, միշտ ունեցած են իրենց Աստվածահայրը, կամ Աստված մը մյուսներեն բնությամբ թե պաշտոնով շատ ավելի գերադաս՝ այնպես որ ազգեր և ժողովուրդներ մերթ տարտամորեն, մերթ պայծառապես միշտ զգացած են իրենց ճակատագրին վրա միակ և գերմարդկային Ուժի մը փոթորկումը, որ միևնույնն է և հավետ միևնույնը պիտի ըլլա ի՜նչ փույթ թե զինքը կանչին տարբեր անուններով՝ Արամազդ, Դիոս, Զևոս, Թոր, Նեմեսիս, Բահաղ, Պրահմա, Ահուրա-Մազտա, Եհովա, Աստված։