Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարմիր գլխարկը սկսան սուլթանական ծիրանիին կերպասեն կտրել հիմա։ Եվ այսօր իրենց համար ազատականությունը քիչ մը առանց դողդղալու բռնության ձեռքը կարենալ սեղմելուն մեջ կը կայանա, և այդ ալ միշտ համբուրելու համար՝ երբեք կոտրելու։

Ի՞նչ պիտի ըլլա ասոր հետևանքը։

Հետևանքը այն պիտի ըլլա, որ չափավորությունը պահպանողականության հետ շփոթելե վերջ, այդ խոհեմ կոչված հեղափոխությունը՝ բռնակալության մուրճով պիտի դարբնե իր ազատական կարգն ու սարքը Յլտըղը, որ համայն ժողովուրդին իրավունքները կուրանար, ներկա Խորհրդարանը՝ ազգերը պիտի ուրանա, և մշակված օրենքներուն տասնաբանյա տախտակները ձեռքերնին՝ մեր անդրանիկ երեսփոխանները պիտի վազեն պալատ՝ անոնց արքայական հաստատավճիռն ընդունելու... բաժակ մը պաղ ջուրի հետ, որ ժողովուրդին սրտին տապը մարելե հեռու է անշուշտ։

Եվ այդպես Յլտըզի շարունակությունն եղող ներկա Խորհըրդարանի շեմին վրա, ո՞վ Տառապանքի անցորդ, կոշիկիդ փոշին թոթվե՝ և ճամբադ շարունակե՜...

Գանք սև պատմության մյուս էջին։

Այդ Յատկանշական վեհաճաշեն հետո՝ սուլթանին մեջ աղվեսը իր տաղանդին գագաթնակետը տոնեց։ Ո՞չ մեկ վեհապետ տակավին ժողովուրդին վրեժին վրա հաղթություն տարեր էր այսպես։ Վրեժ կա, որ Արդարության կարմիր բազուկն է: Այդ արդար վրեժը նվաճելով՝ զինքը չքմեղելու համար՝ մի՞թե Համիտի մը կմախքոտ ձեռքը պետք էր, որպեսզի ճարտար կացինը վերցներ։ Անշո՞ւշտ, երբ կացինին կոթը Ահմետ Րիզա մըն է։

Եվ սուլթանը խոնարհելով, համակամելով հաղթեց եթե ոչ անցյալին և ապագային, այլ ներկային։ Ի՞նչ փույթ թե պատմության էջը միշտ սև կը մնա։ Կասկարմիր սուլթանը՝ Վարդագույն սուլթան կոչողներ կան այսօր, և այդ ալ շնորհիվ մեր չափավոր և խոհեմ հեղափոխություն ընողներուն բաղնեպանի պաշտոնին։