Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զոր մեր երրյակ երեսփոխանները այդ Վեհաճաշին բազմակից ըլլալով՝ իրենց զգացումներեն փետրաթափ ըրած եղան։

Եվ հետո մտածել աջհամբո՜ւյրը։ Աջ մը՝ դեռ տաք և վիրամուխ, աջ մը, զոր բնավ գութը չի շարժեց, զոր դեռ զղջումը սրտին վրա չի տարավ զետեղել, զոր խղճի ձայն մը դեռ չի դողացուց, վասնզի այդ խիղճը մեռած է առհավետ, աջ մը, որ ճարտարորեն լվացվեցավ՝ առանց երբեք մաքրված ըլլալու․ աջ մը՝ դեռ թարմորեն արյունոտ, մի՞թե այսպես վիճակված էր հայ երեսփոխանին համբույրով սրբվելու։

Մեզ ճակատագրված է քալել ուրիշ ազգերու հետ խառն կամ զուգահետ, քալել զինակից կամ արորակից։ Քալենք բա՛ց սրտով դեպի այն արշալույսը, զոր բահով պիտի ճեղքենք, և որ խոստացված է բոլոր շղթայվածներուն, կեղեքվածներուն, զրկյալներուն և անսվաղներուն վերքերը լվալու իբրև բալասան․ քալենք դեպի այդ արշալույսը, բայց միշտ մեր հոգիին անձեռնմխելի ամբողջականությամբը և հայկյան հպարտությամբը։ Մեր պայքարին պատմությունը ասով է, որ պիտի պարծի, Հայկական հեղափոխության վերջաբանն է այս, որուն դեմ դրժող սերունդը անջիղ և ստրուկ սերունդ մը միայն կրնա ըլլալ։

Հիմակուհիմա միակ հանձնարարություն մը ունինք․ Օսմանյան խորհրդարանին մեծամասնությունը անհրաժեշտ է, որ այդ լիառատ վեհաճաշեն հետո երթալավ մաքրողական մը խմե։