Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հողմնասարսուռ եղեգին, բույր ու փրրփուր, երգ համայն․
Իսկ երբեմն այնքան զորեղ թափ մը կու տա ոտքերուն՝
30 Որ խարույկված բոց կըլլա՝ քամիներեն ծըփծըփուն։
Օ՜, ան միսին ձևերուն և ծալքերուն հանճա՜րն է.
Գիտե հեղուլ հորդառատ նայվածքներե, մարմինե
Բոլոր հրապույրը կընոջ և տըռիփները հեշտին՝
Որոնք նըման ծովերու առջևս անզուսպ կը փըրփրին։
35 Ու կը պարե՜, կը պարե՜, հորձանապտույտ կը պարե՜..․
Քըրտինքներով կը պըտղի ճակատն հըստակ փայլարե։
Վեհ հասակն իր կախարդի՝ մազերուն տակ ծածկըված՝
Ուռենիին խռովքն ունի՝ լըճակին վրա ցոլացած։
Մերթ դեպ ետև կը թեքի, մերթ ալ դեպի ընդառաջ.
40 Հազիվ եղած շամբ ճըկուն, կըլլա բարտի մաննըվաճ.
Եվ մերթ ցընցուն ոստումով՝ կարծես իրանն հրաշագեղ
Հանկարծակի կը փըշրե փոշիաբար զերդ բյուրեղ.
Ու հազիվ հազ դաշնակում միր մարմինեն եղծանած՝
Նոր թեքումով կհորինե նո՜ր դաշնակում մը հանկարծ։
45 Մարգարտահեռ մուճակներն, ուր ոտքերն իր ձուլվեր են,
Կարծես հազիվ կը հըպին գորգին վըրա նըկարեն.
Ու իր հատուկ ճախրանքեն կ՛առն ու հով մա՜յնքան ծավալ.
Որ կը մարե երբեմն հա՜պ, ու կ՛արծարծե երբեմն ալ
Իր ականջին օղերուն փայլատակները լազվարթ
50 Ու իր բոլոր քայռերուն ճառագայթները զըվարթ։
Ու կը պարե՜, կը պարե՜, կատաղորեն կը պարե՜,
Միշտ հըպատա՜կ ցոփ կամքիս՝ որ զինք ընդմիշտ կը վարե։
Գլուխեն վե՛ր կը նետե նուրբ պատմուճանն հապըշտապ,
Կը մերկացվին ըստինքներն ու պարանոցը կարապ,
55 Ու որովայնը բարի՝ իր սև պորտով կընքըված,
Եվ հույր բումբերը, բոլո՜ր մյուս մասերն առեղծված
Համակ խորհուրդը միսին ու իր անճառ ձևերուն՝
Ուր դըրեր Է իր վերջին հանճարը միտքն Աստըծուն։
Երբ կը տեսնե իր աչքով մերկությունն իր բյուրեղյա՝
60 Հրապույրներու այդ բոլոր շռայլման վըրա կամըչնա․
Այն ատեն ցունց մը կու տա փոթորկալից մազերուն՝