Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

9. ԱՐԵՎԵԼՅԱՆ ԲԱՂԱՆԻՔ

Մորճագըմբեթ բաղնիքին ներքնագուռն հո՜ւյլ կը բացվի,
Եբենոս դո՜ւռն հաստաբեստ՝ որ կը ծեծվի միշտ թակով,
Եվ անընդհատ կը քըրտնի, կը ճըռընչե ուժասպառ
Հացիներուն ետևեն՝ որոնք դանդա՜ղ կը մըտնեն:
5 Բոլոր մե՜րկ են ու չըքնա՜ղ, — թևերն իրենց ծալլեր են
Լանջքերնուն վրա հոյաշեն՝ որոնց վրա կը դիզվին
Կույտերն իրենց ծիծերուն, պըտուկներով թըխագեղ։
Սատափազօծ սանդալներն հատակին վրա կը հընչեն.
Սրտերնուն հևքն աղվական, ձայներն իրենց քաղցրանույշ
10 Բաղնիքեն ներս կը փոխվին անդընդասույզ ղողանջի.
Աստղերուն պես՝ լողացող մառախուղին մեջ աղոտ՝
Իրենց աչքերը խոնավ նըշողյուններ կարձակեն,
Եվ գոլորշին, իր տամուկ շըղարշներով, կը պատե
Մարմինն իրենց՝ որ պըտղիլ կը սկըսի ա՜լ քրտինքով։
15 Հուրիները կը լոգնա՜ն, Պորտաքարին կիզանուտ
Ոմանք պառկած նըվաղկոտ նայվածքներով կերազեն:
Լուսացընցուղ գըմբեթեն՝ արևուն շողը ճերմակ
Ներս կը մաղվի՝ մարգարտյա հորդ անձրևի մը նըման,
Եվ ծփանուտ գոլորշին կը դառնա ծով մարծաթյա,
20 Ուր լյուղ կու գան կարապներն Արևելքի Հեշտանքին
Ըսպածանին՝ որ կըպած է զիստերնուն լոռի պես,
Ա՜լ կը նետվի. մարմինները կը փոխվին արձանի.
Եվ մազերնին, հյուս առ հյուս, ծովերու պես կը քակեն,
Ուրկե երբե՜մըն կիյնան գոհարներու հատիկներ,
25 Օ՜, ծամեցին այդ. ժամե՜րն այդ, որոնցմով ա՜լ կը ծփա
Կարծես բաղնիքը ամբողջ. և պորտաքարը մարմար
Կը թըխանա անոնց հորդ սևափըրփուր ալիքով։