Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԵԹԱՆՈՍ ԵՐԳԵՐ

Փա՜ռք սարբինային. Բագոս կը պսակվի:

1. ԳԵՂԵՑԿՈԻԹՅԱՆ ԱՐՁԱՆԻՆ

Կ՛ուզեմ ըլլա քու մարմարիոնըդ պեղված
Ոլիմպոսի ամենեն խոր արգանդեն.
Եվ իմ մուրճիս տակ ըզգենու հըրեղեն
Միս մը կընոջ, լույսով, տենդով սըրարբած:

5 Աչքերդ ըլլան վիհեր՝ ուր մարդ երբ սուզի՝
Հավերժին մեջ անմահացած ըզգա զինք.
Գիծերդ անեղծ ըլլան, ըլլան քու ըստինք
Դաշնակության մ՛ուր կենսահյութը հուզի.

Մերկ ըլլաս դուն բանաստեղծի մհոգվույն պես,
10 Եվ հեթանոս այդ մերկությանըդ ներքև
Տառապի՛ մարդն ու չըկրնա դըպչիլ քեզ։

Թե հարկ ըլլա զոհ մը ընել քեզ պարգև,
Բագինիդ ե՛ս պիտի ուզեմ մորթըվիլ՝
Որպեսզի կուճդ ըմպե արյանս հուսկ կաթիլ: