Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րին) մոտ Արշակ թագավորը մտածեց Գնել պատանուն իր մոտ հրավիրել և սպանել։ Նրա մոտ է ուղարկում Մամիկոնյան ցեղի նահապետ Վարդանին սպարապետի եղբորը, որ նենգությամբ, մեծամեծ երդումներով կարողանա կանչել, որ այս խորհուրդը բոլորովին գաղտնի մնա, գուցե փախչի ազատվի, այլ խաբելով ու հրապուրելով բերի հասցնի մինչև մահվան տեղը։ Թագավորի բանակը գտնվում էր Շահապիվանում, Ար շակունիների բուն բանակատեղում, պարսպապատ որսատեղի տակ, ձիարշավի հրապարակի վրա։

Վարդան մեծ նահապետը Արշակ թագավորի կողմից եկավ, գտավ պատանի Գնելին մոտակա տեղում, այսինքն՝ Առավյուտք կոչված գյուղում։ Մեծ երդումներով ու վարպետ խաբեությամբ համոզեց պատանի Գնելին՝ իր կնոջ և տանու մարդկանց հետ գնալ արքունի բանակը (հավատացնելով), թե Արշակ թագավորը նրան մեծարանքի համար է հրավիրում։ «Թագավորը (ասաց նա) չկամեցավ նավասարդի տոները առանց քեզ անցկացնել, նա այժմ բարեհաճ է դեպի քեզ, որովհետև իմացավ, որ քո մեջ չկա չարություն, ինչպես որ չարախոսներն էին ասում, նա համոզվեց, որ մինչև այժմ իզուր էր քեզ ատում, մինչդեռ դու նրա կողմից արժանի ես սիրո»։

Գնելը իր ամբողջ կազմությամբ ճանապարհ ընկավ, ամբողջ գիշերը մեծ աճապարանքով եկավ հասավ արքունի բանակը, որովհետև հաջորդ օրը, որ լուսանում էր, կիրակի էր։ Այդ օրն էր հանդիպում Մեծ Հովհաննես (Մկրտչի) հիշատակի տոնը, որ Գրիգորից և Տրդատից սահմանված էր Բագավան ավանում։ Այդ տոնին եկել էր աշխարհական մարդկանց մեծ բազմություն, և զանազան գավառներից՝ շատ եպիսկոպոսներ։ Ներսես մեծ եպիսկոպոսապետն էլ իր կողմից ուղարկեց իր աթոռակից Խաղին և իր եպիսկոպոսական ավագ Մուրիկ անունով սարկավագին, որ գնա այնտեղ և ինչ որ հարկավոր է կատարեն, իսկ ինքը մնաց արքունական բանակում, որպեսզի հաղորդությունը այնտեղ էլ կատարեն։ Եվ այդ գիշեր բանակում կաթողիկոսի ներկայությամբ գիշերային մեծ պաշտամունք կատարվեց։

Լույսը բացվելու դեմ Գնելի խումբը հասավ արքունի