Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եվ բազմաթիվ մարդիկ, որոնք նրան ճանաչում էին ու գիտեին, նրա մարմինը վերցրին և ուզում էին մեծարել Քրիստոսի սուրբ վկաների ոսկորների հետ։ Բայց ինքը (Դանիելը) երևաց իր աշակերտին՝ Եպիփանին, որ մի սուրբ մարդ էր, և հայտնեց, որ իր ոսկորները չպատվեն ինչպես ուրիշներինը, այլ տանեն հողի տակ թաղեն այնտեղ, որտեղ ինքը կամեցավ և հրամայեց։ (Դանիելը) այսպես ասաց. «Եթե տերունական մարմինը երկու օր գերեզմանում ծածկվեց մինչև երրորդ օրը, երբ բարձրացավ իր հոր մոտ, որչա՞փ ավելի պետք է, որ մեր մարմինները հողի տակ ծածկվեն»։ Ուստի նրա մարմինը վերցրին նրա սիրելի սուրբ աշակերտները, որոնցից գլխավորը կոչվում էր Շաղիտա, որ նրանից նշանակված էր Կորդվաց աշխարհի վարդապետ, և երկրորդը Եպիփան, որ դարձյալ նրա կողմից նշանակված էր ուսուցանողի Աղձնիքի և Մեծ Ծոփքի. սրանց հետ էին նաև բանակի հոգևոր պաշտոնյաները։ Սրանք մարմինն առան, տարան Տարոն ու թաղեցին այն տեղում, ուր նրա բնակության խցիկն էր գտնվում, որ Հայոց մայր եկեղեցին էր, այն աղբյուրի մոտ, որտեղ Գրիգորը մկրտում էր աշխարհի զորքի բազմությունը, Հացյաց դրախտ կոչված տեղում։ Այստեղ հողի տակ ծածկեցին սուրբ Դանիելի մարմինը, ինչպես որ առաջուց տեսած երազում նրանց հրամայել էր։


Գլուխ ԺԵ

ՀՈՒՍԻԿԻ ՈՐԴԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՈՏՆԱՏԱԿ ԱՆԵԼՈՎ

ԱՐՀԱՄԱՐՀԵՑԻՆ ԱՍՏԾՈՒ ՔԱՀԱՆԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏԻՎԸ:

Ապա խորհուրդ արին սուրբ Հուսիկի որդիներից ընտրել քահանայապետության համար։ Նրանց, իրենց կամքի հակառակ, բռնեցին, եպիսկոպոսների միահամուռ կամքով ստիպեցին և հարկադրերին սարկավագության ձեռնադրություն ստանալ-Պապին ու Աթանագինեսին։ (Իսկ) նրանք հոգևոր պատվի ավանդը գետին գցելով իրենց կամքով զինվորական ունայն արվեստով զինվեցին և կործանվեցին։ Նրանք գերադասեցին աշխարհիկ կյանքը, իրենց կին առան թագավորի քույրերին և հրաժարվեցին աստծու ժառանգությունից։