Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աստծու տաճարը, երկուսով գնում մտնում էին այնտեղ գտնվող եպիսկոպոսանոցը, այնտեղ գինի էին խմում բոզերի, վարձակների, գուսանների և կատակաբանների հետ, սուրբ ու նվիրական տեղերը արհամարհելով ոտնակոխ էին անում։

Երբ նրանք եպիսկոպոսանոցում նստած ուտում խմում էին, ուրախություն էին անում, հանկարծ երևաց տիրոջ հրեշտակը փայլակի նման և երկու եղբայրներին միասին խփեց սպանեց նստած տեղերում։ Իսկ մյուս մարդիկ, որ այնտեղ էին, նրանց հետ նստած սեղանակից և ուրախակից էին, բոլորը թողին ու փախան, դուրս եկան սենյակից։ Եվ այնքան մեծ էր ահը, որ նրանցից ոչ մեկն էլ ետ չդարձավ, ոչ մի մարդ չհամարձակվեց նրանց մտաբերել ու ներս մտնել, ոչ ոք դռանը չմոտեցավ, դուռը չդրեց։ Նրանց փախչելիս դուռը բաց մնաց, և այնուհետև էլ ոչ ոք չէր համարձակվում դռների մոտով անցնել։

Այս կերպով սպանվեցին այն երկու եղբայրները՝ Պապն ու Աթանագինեսը, նրանք եպիսկոպոսանոցում ճաշի սեղանի տակ ընկած մնացին։ Տաճարի դռները բաց էին մնացել, և ոչ ոք չէր համարձակվում մոտենալ, մինչև նրանց մարմինները նեխվեցին, քայքայվեցին, անդամ-անդամ լուծվեցին, ոսկորները ցրվեցին։ Այս դեպքից շատ ամիսներ անցան, ապա սիրտ արին, ներս մտան՝ հավաքելու և այնտեղից դուրս հանելու նրանց ոսկորները, որ ցամաքել չորացել էին։ Նրրանց հանեցին (ու թաղեցին) եկեղեցու այգում, որ Ագարակ էր կոչվում։

Բայց Աթանագինեսին մնաց մի որդի Բամբիշ (կնոջից), որ թագավորի քույրն էր. նրա անունն էր Ներսես, որ հետո ամբողջ Հայաստանի հայրապետական աթոռը նստեց։ Իսկ Պապը իսկական կնոջից որդի չունեցավ, բայց նա մի հարճ ուներ Տարոն գավառի կարճազատների Հացյաց գյուղից, և այս հացեկացի հարճից մնաց մի որդի, որի անունն էր Վրիկ։