Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գլուխ Ի

ՏԻՐԱՆ ԹԱԳԱՎՈՐԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՏՆՎԵՑ ԻՐ

ՍԵՆԵԿԱՊԵՏ ՓԻՍԱԿ ՍՅՈԻՆՈԻ ՅԵԹՔՈՎ, ԻՆՉՊԵՍ ՎԱՐԱՐԻՑ ԳԵՐԻ

ԲՌՆՎԵՑ ՈԻ ԿՈՐԱՎ, ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵ՛Ս ԱՄՐՈՂՋ ՀԱՅՈՑ ԵՐԿԻՐՆ ԷԼ

ՆՐԱ ՀԵՏ ԳԵՐՎԵՑ:

Բայց դեռ բարեկամություն էր տիրում երկու թագավորների՝ Հայոց և Պարսից միջև։ Այս ժամանակ Ատրպատականում նստում էր մի բարձր պաշտոնյա, որի անունն էր Շապուհ-Վարազ։ Արդ՝ մինչ կատարյալ խաղաղություն էր տիրում երկու թագավորների միջև, տիրոջ կամքով մի չնչին բանի պատճառով խռովություն ծագեց մի անարգ մարդու ձեռքով, որ մոլորությամբ դևից պակաս չէր, անունը Փիսակ, որը Տիրան թագավորի սենեկապետն էր՝ Սյունյաց տոհմից։ Սա պատվիրակ էր գնացել Վարազ-Շապուհի մոտ, որին Պարսից թագավորը սահմանապահ էր թողել Ատրպատականում։

Այն ժամանակ Տիրան թագավորը մի ձի ուներ, որի վրա բոլորը զարմանում էին։ Այդ ձին մուգ-շագանակագույն և պուտպուտիկ էր, ուժով լի, հոյակապ, հռչակված, բոլոր ձիերից մեծ և բարձր, տեսքով բոլորից գեղեցիկ ու սիրուն, որի նման ուրիշը չկար։ Փիսակը՝ թագավորի սենեկապետը, պատվիրակ գնալիս այս ձին մատնեց Վարազին, որի հետ բարեկամացել էր, և նրանից թուղթ առնելով՝ բերեց մատուցեց Հայոց թագավորին։ Դրան համաձայն չլինելով՝ թագավորր չկամեցավ (ձին) տալ։ Բայց որովհետև այն մարդուց կասկածում էր, միգուցե երկու թագավորների միջև խռովություն առաջացնի, որոնեց և գտավ այն գույնի մի ձի, նույն նշանով, նույն տեսքով, բացի մեծությունից, — որովհետև այնպիսի մեծությամբ ուրիշ տեղ չկար,— նույն տեսակ պուտպուտիկ, մուգ-շագանակագույն, և հրովարտակով ու ընծաներով Ատրպատականի իշխանին՝ Վարազին ուղարկեց նույն մոլի Փիսակի ձեռքով։ Նրան խրատում ու խորհուրդ էր տալիս, թե «ասա՛, այս այն ձին է, որ խնդրեցիր. քո սիրո համար քեզ չխնայեց»։ Իսկ նա երբ Վարազի մոտ հասավ, խնայելու գաղտնիքը բացեց և ջանաց գրգռել չկամենալով ազատվել իր