Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նենգախոսությունից. նա ավելի արեց իր չարախոսությունը, ասելով. «Հայոց Տիրան թագավորը այնքան լցված է նախանձով, չկամությամբ, թշնամությամբ և ատելությամբ, այնքան անհավատարիմ և աներկյուղ է Պարսից թագավորի և Պարսից բոլոր զորքերի նկատմամբ, որ մինչև իսկ մի կաշի խնայեց ու թաքցրեց և քեզ խաբելով ու ծաղրելով՝ մի ուրիշ ձի քեզ ուղարկեց իմ ձեռքով: Եվ միայն այս չէ,— ասում էր նա,— նա հույս է դրել կայսեր ու նրա զորքի վրա, մտադրվել է Սասանի ցեղից խլել Պարսից թագավորությունը, որովհետև, ասում է, այդ տերությունը մերն է եղել և մեր հայրերինը. ես, ասում է, չեմ հանգստանա, մինչև մեր նախնի հայրերի պատիվը ետ չդառնա, մինչև նախնի թագավորությունը նորից չդարձնեմ հայրենի զավակներին, այսինքն իմ տոհմին, իմ տանը և ինձ»։ Այս և այսպիսի խոսքերով անօրեն Փիսակը գրգռում էր Վարազին իր բնիկ տիրոջ դեմ, իր թագավորի համար մահ էր նյութում։

Երբ Վարազ-Շապուհը՝ Ատրպատականի մարզպանը, այս բոլորը լսեց կատաղախոս, շնաբերան Փիսակից, անմիջապես ամբաստանության թուղթ գրեց Հայոց թագավորի մասին և ուղարկեց Պարսից Ներսեհ թագավորին։ Եվ այն աստիճան Պարսից թագավորին գրգռեց, զայրացրեց, գրգեց, չարացրեց, բարկացրեց Հայոց թագավորի դեմ, որ նրանից հրաման ստացավ, թե արդյոք հնար չկա՞ որևէ միջոց որոնել ու գտնել Հայոց թագավորին մեքենայությամբ գայթակղելու, որսալու և բռնելու։ Եվ մինչ երկու թագավորների միջև խաղաղություն էր տիրում, աստված բարկանալով՝ վրեժ գրգրռեց, որպեսզի անօրեն Տիրանից վրեժ լուծվի երկու մեծ քահանաների ու առաջնորդների անմեղ մահվան և արյան համար։

Այն ժամանակ Վարազը պատվիրակ ուղարկեց Հայոց թագավորի մոտ՝ հաշտության և խաղաղության պատրվակով խոսելու նրա հետ։ Նա սերն ու կարոտը պատճառ բերելով թույլտվություն էր խնդրում նրան այցելության գալու։ Երբ Հայոց Տիրան թագավորն այս լսեց, փութով, մեծ ուրախությամբ հրամայեց հրավիրել նրան։ Դեռ նա չեկած՝ թագավորը իր սենյակի ներքին սպասավորների հետ խորհուրդ էր