Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կով նրանք հարձակվեցին Պարսից թագավորի վրա, ամբողջ բանակը սրի քաշեցին, ոչ մեկին կենդանի չթողին։ Բանակը կողոպտեցին, ավար առան, բռնեցին թագավորի կանանց ու Բամբիշին (տիկնանց տիկին) և նրանց հետ տիկիններին, նրանց բոլոր գույքն ու ստացվածքները, գանձերը, պաշարեղենը, սարքը կանանց հետ միասին գերի վերցրին։ Միայն թագավորը հազիվհազ պրծնելով մի առաջընթաց ձիավոր սուրհանդակով փախավ, հազիվ կարողացավ իր աշխարհն ընկնել։ Իսկ կայսրը մեծ շքեղությամբ պերճացած երևաց բանակում, բոլոր չափահասներին կոտորեցին, իսկ մնացածներին գերի տարան Հունաց երկիրը։ Իսկ (Հայոց) աշխարհի վրա վերակացու թողեց երկու իշխաններին՝ Անդովկին և Արշավիրին, որոնց մեծ պարգևներով մեծարեց. և նրանց հանձնելով բոլոր իշխաններին ու երկիրը ինքը վերադարձավ Հունաստան՝ իր երկիրը։

Իսկ Պարսից թագավորը փախավ գնաց իր երկիրը։ Երբ այնտեղ հասավ, իր մոտ հավաքեց իր իշխանության մեջ մնացածներին, սկսեց քննություն ու հարցուփորձ անել։ Խորհուրդ արեց, հրամայեց նորից քննել, իմանալ և հայտնել, թե որտեղի՞ց սկիզբ առավ այս պատերազմը։ Այն ժարմանակ հանգամանքները բացվեցին և հայտնի դարձավ, որ մի չնչին բանից, մի վատթար չարախոսությունից է ծագել, այն մոլի Շապուհ-Վարազը այդ խռովությունը հարուցել է մի ձիու պատճառով։ Ուստի հրաման տվեց՝ պատիվը նրանից առնել, պատվական պատմուճանը վրայից հանել և մեծամեծ չարչարանքների ենթարկել Վարազին։ Եվ ըստ պարսկական սովորության՝ հրամայեց նրա մորթը հանել, խոտով լցնել ու հրապարակում կանգնեցնել նախատինքի համար։ Ինքն էլ եղածի վրա զղջալով՝ պատվական իշխաններ էր ուղարկում (կայսեր մոտ) հաշտության մասին (բանակցելու), գերիները ետ դարձնելու համար. աղաչավորներ էր ուղարկում կայսեր հետ խաղաղության ու հաշտության մասին բանակցելու, որ գոնե իր կանանց գերությունից արձակի և խայտառակությունն ու նախատինքը վերացնի։

Այն ժամանակ Հունաց Վազես թագավորը հրովարտակ գրեց Պարսից թագավորին. «Նախ դու,— ասում է,— ետ