Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՉՈՐՐՈՐԴ ԴՊՐՈՒԹՅՈԻՆ

ԹՈՐԳՈՄԻ ՈՐԴԻՆԵՐԻ ՏԱՆ՝ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ

ՊԱՏՄԱԿԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԳԼՈԻԽՆԵՐ

Գլուխ Ա

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻՑ ԵՎ ՄԵԾ ՇՓՈԹՈԻԹՅՈԻՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ

ՊԱՐՍԻՑ ՆԵՐՍԵՀ ԹԱԳԱՎՈՐԸ ԹԱԳԱՎՈՐԵՑՐԵՑ ՏԻՐԱՆԻ ԱՐՇԱԿ ՈՐԴՈԻՆ

ԵՎ ՈԻՂԱՐԿԵՑ ՀԱՅՈՅ ԱՇԽԱՐՀԸ ԻՐ ՀԱՅՐ ՏԻՐԱՆԻ

ՈԻ ԲՈԼՈՐ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԵՏ:

Երբ հաշտությունը կայացավ, և կատարյալ խաղաղություն հաստատվեց Հունաց թագավորի ու Պարսից Ներսեհ թագավորի միջև, ապա սիրով համաձայնվեցին մեկը մյուսի կամքը կատարել, և Հունաց կայսրը ետ դարձրեց Պարսից թագավորի գերիներին։ Ապա Պարսից Ներսեհ թագավորն էլ թագավորեցրեց Տիրանի Արշակ որդուն և նրա հոր, նրանց կանանց ու բոլոր գերիների հետ, նրանց ամբողջ գանձերով ու ստացվածքներով ուղարկեց մեծ փառքով։ Արշակը՝ Մեծ Հայքի թագավորը, Ասորեստանում թագավոր դառնալով (այնտեղից)՝ իր հոր և բոլոր ընտանիքի հետ միասին եկավ հասավ Հայոց աշխարհը, երկրի ցրվածներին հավաքեց ու նրանց վրա թագավորեց։

Այն ժամանակ մեծ խաղաղություն հաստատվեց։ Հայոց աշխարհի բոլոր մարդիկ, որոնք կորել էին, փախել ու թաք էին կացել, հավաքվեցին և ապահով ու խաղաղ ապրեցին Արշակ թագավորի հովանավորության տակ։ Աշխարհն էլ երկու թագավորների միջև խաղաղվեց, բարեկարգվեց, կազմակերպվեց, և այնուհետև (մարդիկ) բնակվում էին խաղաղությամբ, յուրաքանչյուրը վայելում էր իր ունեցվածքն ու արդյունքը։