Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հանայապետ Գրիգորի որդին էր. նրա մոր անունն էր Բամբիշ, որ Տիրան թագավորի քույրն էր։ Սա մանկության հասակում աշխարհականի կյանք վարելով՝ ամուսնացած էր. փոքր հասակից ի վեր սնվել ու սովորել էր Գամիրքի Կեսարիա քաղաքում, վստահելի ուսուցիչների ձեռքի տակ և սիրելի էր դարձել իր դասընկերներին։ Իսկ այս ժամանակ նա զինվորական պաշտոնյա էր, Արշակ թագավորի սիրելի սենեկապետն էր, թագավորի կյանքի բոլոր կարգերին հավատարիմ ներքուստ և արտաքուստ։

Սա մի հաղթանդամ տղամարդ էր՝ բարձր և հաճելի հասակով, գրավիչ գեղեցկությամբ, որի նման գեղեցիկ աշխարհի վրա ուրիշ տեղ չէր գտնվում. տենչալի, ցանկալի, զարմանալի և պատկառելի բոլոր նայողների համար ու զինվորական վարժությունների մեջ նախանձելի արիությամբ։ Աստծու երկյուղը սրտումն ուներ, խստիվ պահպանում էր նրա պատվիրանները, մարդասեր, սուրբ և պարկեշտ էր, շատ խելոք էր, անաչառ, իրավադատ, հեզ, քաղցր, խոնարհ, աղքատասեր, ամուսնական կյանքում օրինավոր, աստծու սիրով կատարյալ։ Ընկերների հետ վարվում էր պատվիրանի համաձայն — սիրել ընկերոջը, ինչպես ինքն իրեն։ Զինվորական աստիճանի մեջ էլ նա այսպես կատարյալ էր առաքինի վարքով։ Նա դեռ մանկության հասակից ապրում էր տիրոջ պատվիրանների համաձայն, արդարությամբ, անարատությամբ, ընկերներին ծառայություններ անելով։ Նա ձանձրանալ չգիտեր, աստծու եռանդը սրտումն ուներ, սուրբ հոգով եռում էր և ամեն բանով կատարյալ էր։ Աղքատներին, տառապյալներին սիրում էր, նրանց նկատմամբ խնամք էր տանում, մինչև իսկ իր զգեստներն ու կերակուրը նրանց հետ կես էր անում։ Նեղվածներին, դժվարության մեջ ընկածներին օգնում էր, զրկվածներին հովանավոր ու պաշտպան էր դառնում։

Արդ՝ մինչդեռ նա զինվորական զգեստ հագած, զարդարված էր գեղեցիկ պատմուճանով և վայելուչ զարդերով, հաճելի գեղեցկությամբ, երկայն հասակով, չքնաղ վարսերով, կանգնած էր թագավորի սպասավորության, նրա սնարքում, գոտուց կախած արքայական պողպատյա սուրը՝ ոսկի պատյանով,