Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րելիս, և նրա վրայից հանեց։ Ապա հրամայեց նրան իր առաջ կապել, խուզել նրա գանգուր, վայելուչ վարսերը, որոնց նմանը ոչ մի տեղ չէր գտնվում. նույնպես հրամայեց պատռել, վրայից հանել վայելուչ պատմուճանը։ Հրաման տվեց. բերին կրոնավորի զգեստներ ու նրան հագցրին: Ապա հրաման տվեց. կանչեցին ծերունի Փավստոս եպիսկոպոսին և նրան ձեռնադրել տվին սարկավագ։ Քայց մինչ մազերը խուզում էին, նրանց գեղեցկության պատճառով շատերը արտասվում էին ափսոսալով, երբ տեսնում էինք, թե ինչպե՛ս կերպարանքը փոխվելով գեղեցկությունը կորավ։ Բայց երբ տեսան նրան քրիստոնեական գեղեցկությամբ զարդարված՝ շատերն ուրախացան, որ բարերար (աստծու) շնորհով նա հրավիրվեց Քրիստոսի տան հոգաբարձուն լինելու։

Տերն էր, որ բոլորի մեջ միտք արթնացրեց իրենց համար հովիվ խնդրելու նրան, որ կարող էր նրանց առաջնորդել և ցույց տալ կյանքի ճանապարհը։ Նա դեռևս երբ զինվորական տեսքով էր, ներքուստ Քրիստոսի զգեստն էր կրում և ազնվական վարք ու բարք էր իր մեջ մարմնավորում։ Իր ունեցած հույսով նա խաչված էր Քրիստոսի հետ, սիրով մասնակից էր եղել նրա թաղմանը և հավատով մեռած էր մեղքերի համար ու արդար հույսով սպասում էր հարության։ Ուստի նա իրավացի կերպով արժանացավ հայրապետների աթոռին և իր առաջին հայրերի տեղին, Թադեոս առաքյալի աթոռին և իր մարմնավոր, նույնպես և հոգևոր հայր Գրիգորի ժառանգությանը։ Բայց տիրոջ ազդեցությամբ էր, որ նա հասավ այն պաշտոնին, և նա էր, որ բոլորի մեջ միտք ծագեցրեց՝ նրան այս պաշտոնին արժանավոր համարելու։ Թեպետ նա սաստիկ երկյուղածությունից և համեստությունից իրեն անարժան էր համարում աստծուն սպասավորելու բարձր աստիճանին, որին մղեցին նրան, բայց հարկադրանքը, (ժողովրդի) միաբանությունը աստծու հրամանով էր, մանավանդ որ նախնիների օրոք էլ սրա մասին ասվել էր Հուսիկին աստվածային տեսիլքում, թե նրա սերնդից կլինի մի մարդ, որ երկրին լույս կլինի։