Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գլուխ Դ

Թե ԻՆՉՊԵՍ ՆԵՐՍԵՍԻՆ ԱՌԱՆ ՏԱՐԱՆ ԿԵՍԱՐԻԱ, ԵՎ ԻՆՉՊԻՍԻ

ՀՐԱՇՔՆԵՐ ԵՎԱՆ ԱՍՏԾՈԻՑ, ԵՎ ԻՆՉՊԵՍ ԱՌԱՔԵԼԱԲԱՐ ՀՈՎՎԵՑ

ԻՐ ՀՈՏԸ:

Այնուհետև գումարեցին մեծամեծ իշխաններին, որ ցանկայի Ներսեսին առնեն տանեն այնտեղ, որտեղ սովորաբար հայրապետներին օծում էին։ Նաև Հայոց եպիսկոպոսների բազմությունը հավաքվեց թագավորի մոտ նույն հարցի առիթով։ Բոլորը միաբան խորհուրդ անելով որոշեցին, որ նա նստի գլխավորի աթոռը։ Եվ բոլորի միաձայն հավանությամբ — եպիսկոպոսների և թագավորի և աշխարհականների բազմության պատվիրակները ճանապարհ ընկան ու գնացին. մարդպետության մեծ իշխան Հայրը, ասպետության՝ մեծ իշխան Բագարատը, Ծոփքի մեծ իշխան Դանիելը, Մեհանդակ Ռշտունին, Սյունյաց Անդովկ իշխանը, Շիրակի և Արշարունյաց իշխան Արշավիրը, մյուս Ծոփքի իշխան Նոյը, Ամատունյաց տան իշխան Պարգևը։ Սրանց բոլորին պատրաստեցին և ճանապարհ ձգեցին մեծամեծ նվերներով ու ընծաներով և հավաստի հրովարտակներով, որ գնան Գամիրքի երկիրը, Կեսարիա մայրաքաղաքը, կաթողիկոսների կաթողիկոս Եվսեբիոսի մոտ, որպեսզի այնտեղ սուրբ Ներսեսին ձեռնադրեն Մեծ Հայքի կաթողիկոս։

Նրանք ցնծությամբ եկան հասան և տեսան այնտեղ կաթողիկոսների կաթողիկոսին սուրբ մեծանուն, երանելի, հոյակապ և սքանչելի Եվսեբիոսին։ Նրան հանձնեցին Արշակ թագավորի հրովարտակը և բերած նվերները ներկայացրին։ Նա սիրով և մեծարանքներով նրանց ընդունեց. և համաձայն կանոնների, առաքելական օրենքների՝ հավաքեց սուրբ եպիսկոպոսների բազմությունը, որպեսզի սուրբ Ներսեսին ձեռնադրեն Մեծ Հայքի եպիսկոպոսապետ։ Եվ մի մեծ հրաշք տեղի ունեցավ, որովհետև հենց որ մտան եկեղեցի, մի սպիտակ աղավնի, բոլոր քահանաների ու բազմաթիվ ժողովրդի առաջ, եկավ նստեց սեղանի վրա։ Երբ Եվսեբիոս արքեպիսկոպոսապետը և նրա հետ երեցները ներս մտան, որոնց մեջ էր նաև մի սուրբ երիցապետ՝ Բարսիլիոս անունով, աղավնին