Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իսկ հնազանդներին, որոնց սրտերի ականջները բաց էին, համոզում էր քարոզությամբ։

Շինում էր ավերված եկեղեցիները, վերականգնում էր կործանված սեղանները. թերահավատների համար սահմանում էր ապաշխարության կատարում, որպեսզի աստծուն հավատան ու փրկվեն։ Հավատացյալներին մխիթարում էր մշտնջենավոր բարի պարգևների հույսով։ Թադեոսի աթոռը նորից շենացրեց, իր հայրերի նման որդի եղավ։ Չարախոսներին հարկադրելով լռեցնում էր։ Անօրինությունները, անօրենների խոսքերն ու գործերը միանգամայն խափանում էր։ Ճշմարտության համար կռվում էր մինչև վերջ, արդար կողմը քաջալերում ու պաշտպանում էր և իր վարդապետության անձրևով սնուցում ու փարթամացնում էր շահավետ, արդար գործերն օրհնությամբ, Մեծ Հայքի բոլոր սահմաններում, որտեղ նրա հայրերն առաջ սերմանել էին կենարար խոսքի քարոզությունը, ինքն էլ նույնը ոռոգեց իր անձրևով։ Բույսը աճեցրեց հնձող մշակը, սերմ անողներին գործակից դառնալով և առատ արդյունք ամբարեց արքայության շտեմարաններում։ Նա իր նախորդ մշակ հայրերին փոխանորդ ու գործակից եղավ։

Նա իր մեջ կրում էր անպատմելի զորություններ. խիստ հոգ էր տանում ողորմածության կարգեր հաստատելու վրա։ Նախ անձամբ ինքն էր բարիքներ գործում, հետո ուրիշներին բարեգործության օրինակ տալիս. վարդապետական խոսքով առհասարակ հորդորելով բոլորին, մտքերի փակված դռները դեպի բարին էր բացում։ Ուսուցանում էր ամենաբարի սերը, հույսը, հավատը, սրբությունը, քաղցրությունը, հեզությունը, անոխակալությունը։ Հորդորում էր խնամել աղքատներին, նրանց դարմանել, և հայս էր տալիս, որ (ողորմածները) հատուցում կստանան քրիստոսի խոստացած (երկրորդ) գալստյան ժամանակ, երբ դատաստանի ատյան կկազմվի անշեջ կրակով. սպառնում էր հավիտենական չարչարանքները հիշատակելով և Հիսուս Քրիստոսի աստծու որդու, գալուստով։ Եվ այնքան երկյուղ ազդեց, որ Հայաստանի սահմաններում բնակվող բոլոր մարդիկ հավատալով՝ բոլորն իրենց ունեցածները իրենց աղքատներին հավասարապես և