Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրել է ոչ ուշ, քան 391 թվականը, դեռ Ասպուրակես կաթողիկոսի կենդանության ժամանակ, որովհետև չի հիշում, թե նա քանի տարի է կաթողիկոսություն արել: Սրանով էլ վճռվում է Պատմության սկզրնագրի լեզվի հարցը:

Մեսրոպյան գրերից առաջ (որոնց գյուտը Ե. Մ. դնում է 406-ին) հայերեն գրականություն չի եղել, գրում էին հույն կամ ասորի տառերով, ուրեմն, այս Պատմությունը գրված է հունարեն և հայերեն է թարգմանված հինգերորդ դարում: Սրանով էլ բացատրվում է այն երևույթը, որ ս. Գրքից բերված ցիտատները համապատասխանում են ս. Գրքի հայերեն թարգմանությանը, ուրեմն, այս թարգմանությունից են վերցված (բերում է հինգ օրինակ): Նրա լեզուն ամենևին չի հիշեցնում Ե դարում թարգմանված այլ գրվածքների լեզուն: Դասական լեզվին զուգընթաց Հայաստանում զարգանում էր և ժողովրդական լեզուն, և այս ժողովրդական լեզվով է թարգմանված Փավստոսի Պատմությունը, որ ավելի բնական է, քան հինգերորդ դարի նույնիսկ ինքնուրույն հեղինակությունները: Նրա մեջ պատահում են քիչ քանակությամբ հունարեն բառեր, բայց Ե. Մ. գտնում է, որ դրանք սովորական են մեր հին գրականության մեջ:

Բնագրի ծավալի վերաբերմամբ Ե. Մ. նկատում է, թե Գ. ա գլխում «...է ինչ մեր պատմութիւն, որ՝ առաջին է»... նախադասությունը ցույց է տալիս, թե Փավստոսի Պատմությունն ունեցել է նաև նախնական ժամանակների պատմությունը մինչև Թադեոս առաքյալը և Սանատրուկը, որ մեր ձեռքը չի հասել: Պրոկոպիոսից բերում է մի հատված, թե Պարսից մի թագավոր Հայաստանի վրա թագավոր է կարգում իր եղբայր Արշակին, ինչպես գրված է Հայոց պատմության մեջ: Ե. Մ. կարծում է, թե այս տեղեկությունը գտնվում էր Փավստոսի նախնական ժամանակի պատմության մեջ, որ այժմ չկա: Նա գտնում է, որ Դ դպրության մեջ թերի է ԺԶ գլուխը՝ Արշակի Պարսկաստանից փախչելու մասին (տե՜ս մեր ծանոթ. 102) բնագիրը պարունակում է աղավաղություններ, որոնցից ինքը ուղղում է 27 հատ: Փավստոսի Պատմության մեջ մնացել են նրա գործածած աղբյուրների հետքեր: Ե. Մ. անհարազատ հավելվածներ է համարում Դանիել եպիսկոպոսի և Ներսես Մեծի անեծքներն ու գուշակությունները, որոնք մուծվել են Պատմության մեջ հինգերորդ դարի առաջին կեսից ոչ առաջ: Մի քանի գլուխներ ակնհայտ կերպով ձգձգված են, ինչպես Ներսես Մեծի քարոզությունը Վաղես կայսրի առաջ, անապատ կղզում և Բագավանի ճակատամարտի ժամանակ նրա աղոթքները և այլն: Աղբյուրների մեջ, բացի ս. Գրքից, Ե. Մ.-ը հիշում է նաև Կորյունին և Ագաթանգեղոսին, որոնցից մի-մի օրինակ է բերում: Փավստոսը ուրիշ աղբյուրներից ծանոթ լինելով որևէ մի անցքի՝ այս անցքը վերագրում է հայերին: Այսպես, Վաղեսի հիվանդ որդու պատմությունը, որ վերաբերում է ս. Բարսեղին, Փավստոսը վերագրում է Ներսես Մեծին: Փեբիանոսի վրա աղավնի իջնելը վերագրում է ս. Բարսեղին և Ներսես Մեծին: Վաղեսի աքսորած եպիսկոպոսների մեջ է դնում նաև Ներսեսին: Նա շատ բան գրել է իբրև ժամանակակից և ականատես, մանավանդ