Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տատեց։ Նա խրատ էր տալիս, որ միշտ պետք է նկատի ունենալ հարության հույսը, չկարծել, թե մարդու մահն անդառնալի է, թե նորից կենդանանալու հույս չկա. ուստի և պետք չէ մեռածի վրա անհուսությամբ լացուկոծ անել, անչափ ու անկարգ սուգ անել, այլ հույսով նկատի ունենալ տիրոջ (երկրորդ) գալուստը և հարությամբ նորոգվելը, ուրեմն սպասել տիրոջ գալստյանը, երբ ամեն մարդ հավիտենական հատուցում կստանա ըստ իր գործերի։ Նաև խրատում էր, որ ամուսնության մեջ օրինավոր լինեն, որ ամուսնացածներն իրար չխաբեն, իրար դեմ դավ չսարքեն, հեռու մնան ազգակցական մերձավոր խառնակ ամուսնություններից, մանավանդ հարսների հետ մերձավոր ամուսնությունից և սրանց նմաններից։ Եվ կանոն էր դնում՝ մեռած անասուն ու արյուն չուտել, ամսականի ժամանակ կնոջ չմերձենալ, որովհետև դրանք պիղծ են տիրոջ առաջ։

(Նա դատապարտում էր) նենգությունը, մատնությունը, ագահությունը, ուրիշին նախանձելը, ցանկասիրությունը, զրկողությունը, արվամոլությունը, իգանալը, բամբասանքը, մտքի հարբեցողությունը, որկրամոլությունը, հափշտակությունը, պոռնկությունը, թշնամուց վրեժխնդրությունը, ստախոսությունը, թշնամությունը, անողորմ ածությունը, սուտ երդումը, արյունահեղ սպանությունը, պիղծ անասնամոլությունը, (երկրորդ) հարության հույս չունենալը, անհուսությամբ մեռելներին սգալը — այս բոլորը համարում էր միանման կորստյան խորխորատ։ Եվ ամբողջ երկրին պատվիրում էր նա, հենց իրեն՝ թագավորին, մեծամեծներին և առհասարակ նրանց, որոնք ուրիշի վրա իշխանություն ունեին, որ գութ ունենան իրենց ծառաների, ստորադրյալների և աշակերտների վրա, սիրեն նրանց իբրև իրենց հարազատների, ապօրինի կերպով ու չափազանց հարկերով նրանց չնեղեն, հիշեցնելով, որ նրանց համար էլ աստված կա երկնքում։ Այսպես էլ ծառաներին էլ պատվիրում էր հավատարիմ և հնազանդ լինել իրենց տերերին, հիշեցնելով նրանց[1], որ դրա համար վարձք կստանան տիրոջից։

  1. Լրացված և թարգմանված է ըստ երկու ձեռագրերի։— Խմբ.: