Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ բոլոր եկեղեցիները նրա օրերում խաղաղություն ու նորոգություն գտան. ամբողջ Մեծ Հայքում եպիսկոպոսների պատիվը մեծացավ, եկեղեցիների կարգերը ծաղկեցին, լիովին պայծառացան, ամենայն վայելչությամբ հաստատվեցին կաթողիկե եկեղեցիների կարգերը, սուրբ պաշտամունքի կարգերը աճեցին, պաշտոնյաներն ավելացան։ Եկեղեցու կարգերը շատացրեց շեն ու անշեն տեղերում, նույնպես և կրոնավորների թիվը բազմացրեց։

Զանազան տեղերում, Հայաստանի բոլոր գավառներում հիմնեց դպրոցներ՝ հունարեն և ասորերեն լեզուներով: Շատ նեղվածների փրկում էր, գերության մեջ տառապողներին գերությունից ազատում էր՝ ոմանց քարոզելով Քրիստոսի ահը, և մյուսներին փրկանք տաչով գնում ազատում էր ու իրենց տեղերը դարձնում։ Այրիներին, որբերին, չքավորներին հանգիստ ու սնունդ էր ապահովում, աղքատները միշտ նրանով ուրախանում էին. իր սեղանատունն ու սեղանը միշտ բաց էին աղքատների, օտարականների և հյուրերի համար։ Եվ այնքան մեծ էր նրա աղքատասիրությունը, որ թեպետ բոլոր գավառներում աղքատանոցներ շինեց ու նրանց համար դարման նշանակեց, այնպես որ իրենց անկողիններից վեր կենալուց ավելի նեղություն չքաշեն, բայց և այնպես առանց նրանց սեղան չէր նստում, այլ կաղերը, կույրերը, հաշմանդամները, վերքոտները, խուլերը, տնանկները, կարոտյալները նրա հետ սեղան էին նստում ու կերակրվում։ Եվ ինքը իր ձեռքերով բոլորին լվանում էր, օծում, (վերքերը) կապում, իր ձեռքով նրանց կերակուր էր բաժանում, իր բոլոր ունեցածը նրանց վրա էր ծախսում. բոլոր օտարականները նրա հովանու տակ դադար առած հանգստանում էին։ Եվ ինչ որ ինքն էր անում, նույնը սովորեցնում էր անել և ուրիշներին. ինքը մաքուր, զգաստ և արթուն մարդ էր ու բոլոր մարդկանց պատրաստում էր աստծու խոսքը ընդունելու։ Մարգարեների և առաքյալների նմանությամբ սովորեցնում էր ողորմած լինել։ «Զեր մեղքերը,— ասում էր նա,— պետք է ողորմածությամբ քավեք և ձեր անօրեն գործերը՝ գթությամբ և աղքատներին ողորմություն տալով»։ Հիշեցնում էր առաքյալներին, որոնք աղքատների խնամար-