Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դուն՝ իր աներևույթ և երևացող զորություններով ի մի հավաքելով. և այսպես ամեն ինչ նույն ձևով հաստատելով համախմբեց արարածներին (և մարդուն), որին ստեղծեց իր պատկերի ու կերպարանքի համաձայն և նրան դարձրեց իր կամքի տերը։ Սակայն սատանայի նախանձով, խաբեական խարդախ բանսարկությամբ (մարդը) փշացավ։ Իսկ տերը եկավ խղճալու կորչողին, ծնվեց կույսից մարդու կերպարանքով, որպեսզի երկնքում ու երկրում խաղաղություն հաստատի և իր ծնող հորը հաշտեցնի նրա մարդակերպ պատկերն ունեցող արարածների հետ, որպեսզի բոլոր մերժված արարածները ներկայանան աներևույթ աստծուն, ուստի իրավացիորեն արարածներին նորոգելիս բոլորին կրկին նորոգում է, որպեսզի ով հավատա քրիստոսին, նորոգված արարած լինի. ինչ հին էր, անցավ, իսկ այժմ ահա ամեն ինչ նորոգվեց, որովհետև (քրիստոսը) մարդկանց կերպարանք առավ և իրենով դարձյալ ամեն բան նորոգեց, հաստատեց։ Ինքն եղավ մեր կենդանության օրինակը, մեռնելով դարձավ բոլոր մեռելներից անդրանիկը և իր հարությամբ առաջինը, որ իրենով ամեն ինչ հայտնի դարձնի, որպեսզի մեզ ստեղծի անփոփոխ հոգով ու անմահ մարմնով, որպեսզի մենք՝ մարդիկս, միմիայն հոգու անփոփոխությամբ չապրենք, այլև՝ մարմնի անմահությամբ, որ բոլոր աներևույթ ու բանական զորությունները մեզ հետ հույս ունենան այս անփոփոխությանը. «Որովհետև բոլոր արարածները կազատվեն ապականության ենթարկվելուց՝ աստծու որդու փառքի ազատության համար»։ Նրա համար,— ասում են,— այն կույսից, որ մեզնից էր, աստված ծնվեց իբրև մարդ, որ մենք այս աշխարհի այժմյան կյանքից ազատվելով՝ ամենքս հանդերձյալ կյանքի լավ բաներին հասնելով՝ սկզբից հուսալով նայում ենք արարչին՝ նոր արարածների առաջնորդին։ նա աներևույթ աստծու ծնունդն ու կերպարանքն է, հոր միածին ծնունդը և բոլոր արարածների արարիչը։ Այստեղից էլ առաքյալը հանգամանքները վերարտադրելով՝ միաժամանակ ասում է՝ «Նրանով հաստատվեցին այն բոլորը, ինչ որ երկնքում ու երկրում են, թե երևացողները, թե՛ աներևույթները, թե՛ տերություններն ու իշ-