Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կերպարանքից զուրկ են, դատարկ, ինչպես ավերակ, իսկ հավատացյալները լուսավորված են սրտի աներևույթ աչքերով, ինչպես ասում է մարգարեն՝ «Քեզ ասաց իմ սիրտը, իսկ իմ դեմքը որոնեց քո դեմքը», կրկին ասում է՝ «Դրեցի տիրոջն իմ առաջ ամեն ժամանակ, որ իմ աջ կողմում էր, որպեսզի չսասանվեմ». և կրկին ասում է՝ «Քո դեմքի ուրախությամբ ուրախ կլինեմ»։ Որոնք այժմ հավատի աներևույթ լույսով ըստ նրա կամքի տեսնում եմ նրան, մեռնելիս դեմ հանդիման կերևա, ինչպես երանելի Պողոս առաքյալն է ասում, թե այժմ տեսանելի օրինակով ենք տեսնում, հետագայում, երբ կգա, ինքը կբերի մեզ տալու իր փառքի անմահությունն ու անաղարտությունը։ Երբ ոչ ըստ օրինակների ու խոսքերի գա ու հայտնվի հոր որդին, սուրբ հոգով, հրամայի, որ գան անմահությամբ աստծուն տեսնելու նրանք, որոնք բազմաթիվ արժանիքների ակնկալություն ունեն — կամենում է իր փառավոր գալուստը ցույց տալ, ինչպես երկար համբերողներին, հուսալով սպասողներին, կգա և կհայտնվի հոր՝ աստծու ծնունդ Քրիստոսը, որը գալիս է պարգև տալու արդարներին՝ հավատի պատճառով նահատակվելու համար։ Իսկ որոնք որ դեռ չեն ընդունել հավատը, աստված բարվոք մտածեց, որ նրանք էլ առանց մեզ հետ լինելու չմեռնեն։ Քանի որ եթե մեկը ուսումնասիրի սուրբ գրքերը ամբողջ աստվածաշունչ մատյաններում, այսպիսի շատ պատգամներ կգտնի. արդարների և հավատացյալների համար հավիտենապես պահվում են լուսատուներ ու արքայության թագեր, իսկ թերահավատների, մերժողների, անհնազանդների համար՝ դաժան պատիժներ, նրանք ճարակ կլինեն հավիտենական դատաստանի անշեջ կրակին՝ հանուն տիրոջ, անսպառ, անսահման, անթիվ, անչափ Ժամանակ (կենթարկվեն) գեհենի տանջանքներին, խավար դատաստանին, որ գալու է։

Իսկ ինչ վերաբերում է քո որդուն, ապա երբ դու ճշմարիտ և ուղիղ հավատի դառնաս, մենք որդուդ համար տիրոջից կխնդրենք, մեր ձեռքը նրա վրա կդնենք ու կասենք. ձեր հավատի համաձայն բժշկում է սրան Քրիստոսը՝ աստծու ծնունդը, և նա ողջ ու առողջ վեր կկենա, կկանգնի քո առաջ,