Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հոգևորականներին վերաբերող մասերում, բայց և շատ բան պատմում է՝ օգտվելով անգիր ավանդություններից, և որովհետև զուրկ է քննադատության կարողությունից, ուստի առանց այլևայլության, առանց երկբայության. լրջորեն պատմում է ամենաանհավատալի առասպելներ՝ լիովին նրանց հավատ ընծայելով: Կրոնական նեղ հայացք ունենալով՝ նա շատ պատմական անցքեր բացատրում է աստծու միջամտությամբ, իբրև վարձատրություն բարեպաշտական գործերի կամ իբրև պատիժ անօրինությունների (առաջինի համար օրինակներ՝ Հուսիկը, Դանիելը, Ներսեսը, Մուշեղը, երկրորդի համար՝ Սանեսանը, Տիրանը, Պապը...): Ավանդությունների վրա հիմնված, կղերական ոգով լուսաբանված այս Պատմությունը ներկայացնում է բազմաթիվ անճշտություններ, չափազանցություններ, ժամանակագրական սխալներ (օրինակներ), ուստի «որպես Պատմություն Փավստոսի երկասիրությունը չի դիմանում Լուրջ կրիտիկայի»: Բայց ունի մեծ արժեք՝ ուսումնասիրելու համար Դ դարի հայոց հավատալիքները, սովորությունները, նախարարների հարաբերությունը թագավորի իշխանության հետ, մեր եկեղեցու սկզբնական վիճակը, Հայաստանի տեղագրությունը, աշխարհագրությունը: Հենց նրա առասպելներն Էլ, Խորենացու ասածի նման, «զճշմարտութիւն իրացն այլաբանաբար յինքեանըս ունին թաքուցեալ», այնպես որ հմուտ բանասերը կարող է նրա հաղորդած տեղեկություններից դուրս բերել իսկական իրողությունը: Այս տեսակետից Փավստոսը թանկագին աղբյուր է Խորենացու Պատմության երրորդ գրքի քննության համար: Լեզուն ընտիր է, բայց խառնուրդ է դասական և ռամկական ոճի, զուրկ է պարզ տրամաբանական կատարելությունից, գեղարվեստական ճաշակից: Փավստոսի նկարչական զորությունը նրա անխնա իրապաշտությունն է. ընթերցողի աչքի աոջևով անցնում են մի շարք պատմական գործիչներ՝ իրենց ֆիզիկական և բարոյական կերպարանքով:

Հ. Տ.-ը (Հ. Տաշյան) Ե. Մ.-ի այս գրվածքի քննադատության մեջ («Հանդես ամսօրյա», 1890, մարտ, էջ 68—71) հերքում է Ե. Մ.-ի տված բացատրությունը Փավստոսի «Ստորոտ ամենայն պատմութեանց» հիշատակարանին. հերքում է նաև Ե. Մ.-ի նկատած հունաբանությունները և հունարեն բառերը Փավստոսի մեջ: Ինքը ճամարում է, որ Փավստոսի հեղինակը հայ է և գրել է հայերեն, մեծագույն ապացույց համարելով այն իրողությունը, որ Փավստոսը բառացի ճշտությամբ ցիտատներ է բերում ս. Գրքից և Բարսեղի պատարագամատույցի հայերեն թարգմանությունից: Խիստ է գտնում Ե. Մ.-ի դատաստանը Փավստոսի մասին, թե «որպես Պատմություն՝ Փավստոսի երկասիրությունը չի դիմանում լուրջ կրիտիկայի»: Ինքն իր կողմից նկատում է, թե «ո՛չ յուր (Փավստոսի) անթիվ զրույցներն ու առասպելները, ո՛չ ժամանակագրության և պատմության սխալներն և ոչ այլ թերություններ կրնան յուր նաև պատմական նշանակությունը ոչնչացնել»: Նույն բանասերը մի ուրիշ անգամ («Հանդես ամսօրյա», 1905, «Արշակունի դրամներ», էջ 163, ծանոթ.) այլ կերպ է հասկանում Փավստոսի խոսքը՝ «...է ինչ մեր պատմութիւն, որ առաջին է» և այլն, այն մտքով, թե Բուզանդ կհայտնե, թե յուր Պատմության մեջ կան երեք կարգի ժամանակներ ալ. առաջին, միջին և