Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուրիշ շատ բարիքների էլ ձեզ կարժանացնի ու հավիտենական նորոգ կյանքի արքայության կհասցնի։

Իսկ եթե չես հավատա, ինչպե՞ս կարող է թողություն ու բժշկություն լինել, և կամ մենք ինչպե՞ս կհամարձակվենք նրա առաջ դուրս գալ, խնդրել և աղոթք անել այնպիսիների համար, որոնք բնավ չեն ճանաչում տիրոջը, որովհետև տիրոջ բարկությունը սպանում է նրանց, որոնք տիրոջը ուղիղ չեն խոստովանում։ Դուք էլ չեք կարողանա խնդրել, քանի որ չեք հավատում և չեք ուզում գիտենալ նրա պատվիրանները, մտքում չեք պահում նրա օրենքները, «որովհետև տիրոջ օրենքներն անբիծ են, հոգիները ետ են դարձնում. տիրոջ խոստումը հաստատուն է և երեխաներին իմաստնացնում է։ Տիրոջ արդարությունը սրտերն ուրախացնում է. տիրոջ պատվիրանները լույս են և աչքերին լույս են տալիս. տիրոջ երկյուղը սուրբ է և հավիտյան կմնա: Տիրոջ դատաստանը ճշմարիտ է և նույնով արդար. նա ավելի ցանկալի է, քան ոսկին և շատ թանկագին քարեր, ավելի քաղցր է, քան մեղրի խորիսխը»: Իսկ որոնք որ ապականության անձնատուր են լինում, նրանց (տերը) պահում է ինչպես կրակի նյութ։ «Չկան բառեր ու խոսքեր, որոնց ձայնը չլսվի, իսկ նրանց ձայնը ամբողջ երկրում տարածվեց, որոնց խոսքերը մինչև տիեզերքի ծայրերը հասան»։ Իսկ որոնք որ չեն լսում և որոնք որ լսում են, նրանց համար տերը պահում է իր հատուցումը»։

Բոլոր այս խոսքերը և սրանց նման էլի ուրիշ խոսքեր խոսեց սուրբ Ներսեսը կայսրի հետ. այն էլ ավելացրեց, թե «այս օրվանից հաշված մինչև տասնհինգ օր (տերը) իր ողորմածության ու բարերարության պատճաոով ներողամտաբար կլսի, այսքան օր քեզ ժամանակ կտա, կհամբերի, որպեսզի ուղիղ հավատի գաս։ Սա քեզ նշան լինի, որ եթե մինչև այն օրը հավատի մեջ չհաստատվես, ժամկետը չբանալուց հետո երեխան կմեռնի, որպեսզի համոզվես, որ ինչ որ քեզ մոտ խոսեցի, ճշմարիտ է»։

Մինչ նա այս բաները խոսում էր, թագավորը բոլորը լուռ լսում էր, ոտքը ոտքի վրա գցած, արմունկը ծնկանը, ձեռքը ծնոտին. այսպես նստած էր, մինչև նա բոլոր խոս-