Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արյան հետ, աստվածությունը մեր հոգու հետ միացնի և մեզ՝ սուրբ հոգու հետ ու վերջում մեզ աստվածության հետ բնակակից դարձնի։ Արդ նա, որ այսքան երախտիք էր մեզ ցույց տալիս, մինչդեռ մենք նույնիսկ շնորհակալության խոսք չասացինք իրեն, ինչպե՞ս կարող եք կարծել, թե նա սովամահ կթողնի մեզ, որ թեկուզ մի փոքր չափով անարգանք կրեցինք նրա անվան համար։ Ո՛չ, այդպես չէ, մենք հավատով խնդրենք, և մեզ կերակուր կտրվի։ Ի՞նչ է, մենք հրա՞շք ենք խնդրում. ո՛չ, հրաշքը թերահավատների համար է պետք և չարերին ուղղության բերելու համար. իսկ մեր վերաբերությամբ՝ տերը գիտե մեր կարիքներն ու օգտակարը և ըստ այնմ կպատրաստի, ինչ որ մեզ պետք է։ Մենք այնպես չենք, ինչպես ասաց. թե «Չար ազգը հրաշք է խնդրում», քավ լիցի։ Ինչ որ մեզ կարևոր է, մարդկանց հասարակությունից դուրս չի կարող լինել։ Տերը կարող է առանց կերակրի էլ մեզ կենդանի պահել, կարող է և կերակուր տալ, կարող է և արդարացնել, կարող է մեզ մահվան արժանացնել իր անվան համար՝ տալով մեզ սովորական բնական մահը, որից մարդ ազատում չունի և իր անունը միայն աներևույթ մարմնի վրա պատճառ դարձնելով[1] մեզ իր արքայության մասնակից անել. կարող է մեզ խաղաղ մահով մեռցնել և արքայության արժանացնել»։

Այս և սրանց համապատասխան ուրիշ բաներ ասելուց հետո նա ասաց. «Բոլորդ ծունր դրեք, որ արժանանանք քրիստոսի մարդասիրությանը»։ Եվ երբ նրանք երեք անգամ ծունր դրին ու աղոթեցին, ծովում սաստիկ քամի բարձրացավ և սկսեց կղզին թափել մեծ քանակությամբ ձուկ, այնպես որ ցամաք կղզու վրա կույտեր գոյացան, և սրա հետ միասին շատ-շատ փայտ։ Երբ փայտը հանեցին, կույտ շինեցին, մտածեցին, թե կրակ է հարկավոր, որով փայտը վառեն։ Հանկարծ փայտը ինքն իրեն կրակ առավ ու սկսեց վառվել։ Նրանք աղոթելուց վեր կացան գոհությամբ, ձուկը խորովեցին, բազմեցին և սկսեցին ուտել: Երբ կերան, կըշ-

  1. Լրացնում ենք ըստ բնագրի՝ բաց թողնելով միայն մաճէ բառը, որի գործածությունն այստեղ անհասկանալի է մնում։— Խմբ.: