Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մտքում ատելություն զգաց նրա դեմ և նրան համարում էր իբրև հակառակորդ ու թշնամի, որովհետև ամբողջ երկրում հռչակվել էր, թե երբ Ներսես սուրբ կաթողիկոսին ձեռնադրում էին, (ս. հողին) աղավնու կերպարանքով իջավ ու կանգնեց նախ երիցապետ սուրբ Բարսիլիոսի վրա և հետո նրա վրայից բարձրանալով թռավ նստեց Ներսես քահանայապետի վրա։ Այս հռչակը նրանց մասին տարածվում էր մանավանդ Գամիրք աշխարհում։ Մարդկանց մեծ բան էր թվում այս ամբողջ հրաշքը, և բոլորը պատվում էին սուրբ Բարսիլիոսին, մանավանդ որ նա մաքուր վարք ուներ, ճշմարիտ կարգերի էր հետևում, շատ խոնարհ էր, ջերմեռանդ աղոթում էր աստծուն, պարկեշտ էր պահում իրեն, սիրում էր աղքատներին և տառապյալներին ու միշտ կատարում էր (աստվածային) պատվիրանները։ Բացի սրանից նա մեծ գիտության տեր էր, իմաստության անպակաս աղբյուր էր և հավատարիմ ուսուցիչ ու վարդապետ, որովհետև նա իր փիլիսոփայական արվեստով միշտ փակում պապանձեցնում էր հերետիկոսների զուր բացած բերանները և ամենասուրբ երրորդության ճշմարիտ հավատը հաստատում էր ամենքի համար։ Այս բոլորի պատճառով ամենքը նրա վրա նայում էին իբրև Քրիստոսի առաքյալի, ինչպես մի երկնավոր հրեշտակի, և բոլորն էլ վկայում էին, թե նա հիրավի արժանի էր աստծու հոգուն։

Իսկ նա իրեն շատ խոնարհ էր պահում և անարժան էր համարում, թեպետ ամեն մարդ ցանկանում էր նրա մոտ գալ նրա գիտության պատճառով, մանավանդ նրա մոտ հաճախում էին հեթանոս ճարտար փիլիսոփաներ իրենց գիտության համար. նա (նրանցից) շատերին իրենց զանազան սխալ կարծիքներից դարձնում էր դեպի ճշմարիտ հավատը, անթիվ մարդկանց դարձնում էր Քրիստոսի երկրպագողներ։ Բոլորն այնպես սկսեցին նայել նրա վրա, իբր թե նա հենց երկնքից իջած լինի — այն աստիճան, որ պատմել չի լինի։ Բայց երբ նա նկատում էր իր եպիսկոպոսի խոժոռած երեսը իր դեմ, սուրբ Բարսիլիոսը տեղի էր տալիս, թողնում էր քաղաքը, դնում ապրում էր գյուղերից մեկում, որտեղ նրան պատշաճ էր մնալ: