Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էին, նա հզոր է խոսքով, նա մեծ շնորհք ունի սատանայի դավաճան նենգությունը խափանելու, որովհետև նա մտածում է (Քրիստոսի) եկեղեցու մասին, որը նա ստացավ իր արյունով։

Եվսեբիոս եպիսկոպոսը աղաչանքի թուղթ գրեց Բարսեղ Քահանայապետին, որի մեջ հավատի փառքին վերաբերող մեծ պաղատանքով խնդրում էր, որ առաջ պատահած գժտությունը մտքից հանի, այլ փութա առանց դանդաղելու գա, որովհետև խոսքն ու քննությունը վերաբերելու են հավատին։ Բոլոր հոգևորականներն էլ աղաչանքի թուղթ ստորագրեցին, որ չդանդաղի, անմիջապես գա, հավատարիմ պատվավոր մարդիկ էլ ուղարկեցին, որ շտապեցնեն նրա գալուստը։

Երբ այս մարդիկ, որ գնում էին նրան բերելու, ճանապարհ ընկան և ճանապարհին էին, սուրբ Բարսիլիոսը իր եղած տեղում տիրոջ սպասավորությունը կատարելիս՝ մի ծանր, խոր քնի մեջ ընկավ։ Երազում տեսավ մի մեծ վայելուչ այգի, առատ պտուղներով լի, երեք խոզ ընկել էին այգին, մտել ու փչացնում, փորփորում էին այգին։ Վազերի տակ շատ տեղ գետինը փորում էին, վազերն արմատախիլ անում, հողով հանդերձ դուրս էին հանում, քարուքանդ էին անում։ Այգեպանները եկել աշխատում էին, բայց չէին կարողանում վնասարար խոզերը այգուց դուրս անել։ Ապա նրանք ձայն էին տալիս Բարսիլիոսին ու ասում, «Եթե դու, Բարսիլիոս, չգաս, ուրիշ ոչ ոք չի կարողանա այս խոզերը այգուց դուրս հանել, և ավերմունքը չի դադարի, շտապի՛ր, ե՛կ, հասի՛ր, տե՛ս, թե ահա հենց հիմա ի՛նչ մեծ վնասներ են գործում»։ Ապա ինքը՝ Բարսիլիոսը, ներս մտավ, վնասարար խոզերը դուրս հանեց այգուց և խախտված տեղերը նորից կարգի բերեց։

Քնից արթնացավ սքանչելի Բարսեղը, զարմանում էր այս տեսիլքի վրա և մտածում էր, թե այդ ի՞նչ է նշանակում, և ահա եկան Կեսարիա քաղաքից ուղարկվածները ու Եվսեբիոս եպիսկոպոսի թուղթը հանձնեցին։ Կարդաց և ուրախ եղավ, որովհետև իմացավ, որ աստծուց էր թելադրված իրեն հրավիրել ճշմարտությունը պաշտպանելու և