Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատասխան տալու։ Ուստի իսկույն վեր կացավ, հրավիրողների հետ միասին գնաց Եվսեբիոս եպիսկոպոսի մոտ: Հարկավոր բաների մասին խորհրդակցեցին, Բարսիլիոսը Եվսեբիոս եպիսկոպոսին ասաց, որ կայսրից իրավունք խնդրի քահանաներից մեկին իր հետ տանելու։ Եվսեբիոսը գնաց կայսեր մոտ և խնդրեց, ասելով. «Դու իմ դեմ երկու ախոյան ես հանում, թող ինձ հետ էլ գա իմ քահանաներից մեկը»։ Կայսրը հարցրեց արիանոս եպիսկոպոսներին, նրանք համաձայնվեցին, որ Եվսեբիոսը ատյան գալիս իր հետ բերի մի քանի ընկերներ։

Երբ ատյանի ժամը հասավ, կայսրը առավ Եվսեբիոս եպիսկոպոսին ու նրա հետ երանելի Բարսիլիոս երիցապետին, իսկ հակառակորդներից, որոնք սատանայի կողմից էին, նրանց երկու ախոյաններին, արիանոս եպիսկոպոսներին, և քննության ու վիճաբանության մեջ մտան Հիսուս Քրիստոսի՝ աստծու որդու մասին, արդյոք նա ծնո՞ւնդ է և որդի հայր աստծու էությունից, թե՞ ոչ։ Երանելի Բարսիլիոսը, որ կանգնած էր Եվսեբիոս եպիսկոպոսի ետևը, սուրբ հոգով լցված՝ վկայություններ էր գրում Արարածոց գրքից, օրենքներից, մարգարեներից, առաքյալներից, ամբողջ աստվածաշունչ գրքից, բացատրում էր ու ապացուցում և սատանայի երկու կողմնակիցներին թագավորի հետ միասին պապանձեցնում էր և ամոթապարտ դարձնում։

Այս ժամանակ Վաղես թագավորը նայեց եպիսկոպոսին ու տեսավ, որ քրտնել է։ Սկսեց խոսել ու ասաց. «Այդ ի՞նչ բան է, ինչո՞ւ ես այդքան քրտնել, ճշմարտությունը քննելու ժամանակ դու այդ վարձկան գրչի միջոցով հաղթեցիր»։ Եպիսկոպոսը թագավորին պատասխանեց ու ասաց. «Երկու խոզ ու մի էշ այսքան երկար ճանապարհ քշեցի, և դու դեռ ասում ես, թե ինչո՞ւ ես քրտնել»։ Թագավորը զղջաց, որ թույլ տվին Բարսիլիոսին էլ ներս մտնել Եվսեբիոսին օգնական։ Իսկ արիանոսները ամոթահար վեր կենալով ասացին թագավորին. «Ի՞նչ պետք են այս քննություններն ու նեղությունները. իբրև տեր հրամայի՛ր, որ քո կամքին չհնազանդվողները հալածանքի ենթարկվեն»։ Սրա վրա ատյանը լուծվեց ու վերջացավ: