Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մոտ ոչ մի դանկ ոսկի կամ արծաթ չմնա, իսկ եթե գտնվի, այդպիսին մեռնի։ Ապա ամեն ոք խնդությամբ բերում հանձնում էր եկեղեցուն Քրիստոսի անվան համար՝ հոժարությամբ հանձն առնելով այդ պատճառը։ Այս կերպով թագավորի գործակալներն ստիպեցին Կեսարիա քաղաքի ժողովրդին՝ ոսկին ու արծաթը հավաքեր Երանելի Բարսիլիոսն սկսեց քաջալերել ժողովրդին, որ ուրախ սրտով բերեն։ Նրանց այսպես էր ասում. «Բերե՛ք, իմ ձեռքը հանձնեցե՛ք, և ես երաշխավոր եմ լինում, որ ինքը՝ մեր տեր Հիսուս Քրիստոսը՝ աստծու որդին, որի դեմ թագավորը խրոխտացել կռվում է, նրան կսպանի: Բայց դուք ձեր տիրոջ համար հանձն առեք ուրախությամբ ձեր ստացվածքների հափշտակությունը, որովհետև երկնքում ձեզ համար պահվում է այն գանձը, որ չի կորչում. իսկ այստեղի գանձը ես կարճ ժամանակում անձամբ ձեր ձեռքը կհանձնեմ դարձյալ»։ Ուստի Կեսարիա քաղաքի ամբողջ ժողովուրդը բերեց, մի տեղ հավաքեց որքան ոսկի կամ արծաթ յուրաքանչյուրի մոտ կար. բերին լցրին եկեղեցին, կանչեցին թագավորի հավատարիմ իշխաններին և եկեղեցու դռները կնքեցին։

Սրանից հետո Վաղես թագավորը հրամայեց նորից կապել Բարսեղ եպիսկոպոսապետին, բանտը գցել և նեղել, նույնպես և բոլոր քաղաքներում՝ բոլոր եպիսկոպոսներին։ Բայց ամբողջ ժողովուրդը ուխտ ու խնդրվածքներ էր կատարում, որ այս վերահաս բարկությունը դադարի, և ճշմարիտ հովիվները դառնան գան իրենց տեղերը, իրենց ժողովուրդների մոտ:

Գլուխ Ժ

ԹԵ ԻՆՉՊԵ՛Ս ՎԱՂԵՍ ԿԱՅՍՐԸ ՍՈՓԵՍՏԵՍԻՆ ԿԱՆՉԵՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ

ԴԵՄ ՄԱՔԱՌԵԼՈՒ. ԻՆՉՊԵՍ ՍՈՓԵՍՏԵՍԸ ՏԵՍԱՎ ՀՐԱՇՔԸ

ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՏՈՒՌՈՒՄ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՎԱՂԵՍ

ԿԱՅՍՐԸ ՍՊԱՆՎԵՑ ԱՍՏԾՈՒՑ ԵՎԱԾ ՀՐԱՇՔՆԵՐՈՎ, ԵՎ ԿԱՄ ԻՆՉՊԵՍ

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԳՏԱՆ ԱՍՏԾՈՒ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ:

Այն ժամանակ Վաղես թագավորը հրամայում է փնտրել գտնել մի ճարտար մարդ, որ կարող լինի գրով հակաճառել քրիստոնեական հավատի դեմ։ Եվ նրան պատմեցին, թե