Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վում, բաց աչքերով տեսավ այս տեսիլքը, մնաց զարմացած. մինչև լույս անքուն մնաց։ Լույսը բացվելուն պես մագիստրիանոսները եկան և ասացին սոփեստեսին. «Վե՛ր կաց, մեր ճանապարհը գնանք»։ Նա պատճառ բերեց, թե տկարացել է, չի կարող տեղից շարժվել։ Երբ նրանք սկսեցին նրան ստիպել, նա թալկացավ, ուշաթափվեց, հազիվ էր շունչ քաշում և մինչև երեկո չէր կարողանում նրանց պատասխան տալ։ Ապա երբ երեկո եղավ, մագիստրիանոսները նրան թողին մատուռում, գնացին քաղաք, իրենց կացարանը: Իսկ սոփեստեսը մատուռի դռները փակեց և իր տեղում ընկողմանեց։ Նրան հանկարծ դարձյալ երևաց, որ մատուռի դռները բացվեցին, եկան, հավաքվեցին, և մատուռը լգվեց նույն նահատակներով։ Իրար առաջ էին դուրս գալիս մեծ ուրախությամբ, իրար ողջունում էին և աթոռներ դնելով կարգով բոլորեցին, նստեցին։ Հետո եկան սուրբ Սարգիսն ու Թեոդորոսը այն գործից, որի համար ուղարկված էին, և մտան սրբերի ժողովը։ Ապա հավաքված նահատակների բազմությունը հարցրեց. «Ինչպե՞ս վերջացրիք այն գործը, որի համար գնացել էիք»։ Նրանք պատասխանեցին, ասելով. «Հենց որ երեկ ձեր մոտից գնացինք, ճշմարտության թշնամուն՝ Վաղեսին, սպանեցինք և միևնույն այս ժամին դարձանք եկանք մեզ մոտ»։ Հավաքված ամբողջ բազմությունը վեր կացավ, գոհացավ մեր տեր Հիսուս Քրիստոսից, հետո բաժանվեցին, ամեն մեկը գնաց իր տեղը։ Սոփեստեսը մեծ ահի մեջ մնաց մինչև առավոտ:

Ապա երբ լուսացավ, մագիստրիանոսները եկան և ասացին սոփեստեսին. «Վե՛ր կաց, գնանք կայսեր մոտ»: Նա պատասխան տվեց ու ասաց, «Կայսրը մեռավ, այժմ մենք ո՞ւմ մոտ պիտի գնանք»։ Այս մասին նրանց մեջ մեծ վեճ բացվեց, գրազ եկան այս առիթով մինչև երեք օր։ «Եթե,— ասաց նա,— ապրանքները չթալանվեն, քաղաքները չկողոպտվեն, եթե կայսրը նույնը մնա, ապա թող ես գլխատվեմ, որ այսպիսի բան համարձակվեցի ասել»։ Ապա նրան մագիստրիանոսները երեք օր ժամանակ տվին, երեք օրից հետո լուրը ստուգվեց, որ կայսրը մեռել է։

Սրանից հետո ազատ արձակվեցին բոլոր նրանք, որոնք