Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երբևէ պատիժների էին ենթարկված կամ աքսորված էին և ումից ինչ որ երբևէ հափշտակված էր, վերադարձրին։ Նույնպես կեսարացիների համար հրաման տվին՝ ամեն մեկի իրերը վերադարձնել։ Սուրբ Բարսեղը կանչեց, որ ամեն մեկը իր բերած իրը վերցնի, բայց ոչ ոք չէր ուզում մոտենալ, թեպետև Բարսեղը նրանց ասում էր, «Ահա իմ երաշխավորած իրերն ազատվեցին, և ես ձեզ խոստացա, թե անձամբ ձեր ձեռքը կհանձնեմ ձեր ստացվածքները». բայց նրանք չէին ուզում նրան լսել, այլ ասում էին, «Այդ իրերը թող մտնեն տիրոջ գանձարանը, որ մեր դատաստանը տեսավ և իր եկեղեցու սուրբ ուխտի վրեժն առավո։ Այսպես կեսարացիներից ոչ ոք իր արծաթին չնայեց, բոլորը թողին եկեղեցու գանձարանին։ Ապա արքեպիսկոպոսը նրանցից շինել տվեց մկրտության ավազաններ, և այս արծաթե ավազանները մինչև այժմ էլ հաստատ մնում են լուսաբանին տանը։


Գլուխ ԺԱ

ԻՇԽԱՆՆԵՐԻ՝ ՆՈՐԻՑ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ ՎԵՐԱԴԱՌՆԱԼԸ, ՈՐՈՆՔ

ԳՆԱՑԵԼ ԷԻՆ ՎԱՎԵՍ ԿԱՅՍԵՐ ՄՈՏ ԵՎ ԷԼԻ ԴԱՐՁԱՆ ԻՐԵՆՑ

ՏԻՐՈՋ՝ ԱՐՇԱԿԻ ՄՈՏ, ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵ՛Ս ԱՐՇԱԿ ԹԱԳԱՎՈՐԸ

ՀԱՅՐԱՑԱՎ ԿԱՅՍԵՐ ՎՐԱ ՈԻ ՈՐՔԱՆ ԱՍՊԱՏԱԿՈՒԹՅԱՄԲ

ՎՆԱՍԵՑ ՀՈՒՆԱՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻՆ:

Սրանք են այն իշխանները, որոնք Հայոց աշխարհից Արշակ մեծ թագավորի կողմից գնացին Հունաց Վաղես կայսեր մոտ։ Ինքը՝ Հայոց մեծ եպիսկոպոսապետ Ներսեսը, և Մամիկոնյան տոհմի մեծ նահապետը, որի անունն էր Վարդան, Հայոց մեծ ստրատելատ Վասակի եղբայրը, որոնք Արշակ թագավորի դայակներն ու սնուցանողներն էին։ Նրանց հետ Ռշտունյաց Մեհեն նահապետը և Անձևացյաց Մեհառ նահապետը, Խոռխոռունյաց Գարջույլ Մախազ նահապետը, Սահառունյաց Մուշկ նահապետը, Գնթունյաց Դեմետ նահապետը, Բադենից Կիշկեն նահապետը, Հըսիձորի Սուրիկ նահապետը, Հաբուժենից Վրկեն նահապետը: Սրանք դեսպանությամբ գնացին Վաղես կայսեր մոտ սեր և միաբանություն