Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էր դարձել և միշտ ասում էին, թե «Իրավունքը մեռավ, եթե նա գոյություն ունենար, բայց կորած լիներ, կփնտրեինք, մի տեղ կգտնեինք նրան»։

Իսկ այն տեղը ավան ու քաղաք դարձավ, մեծացավ, բազմամարդացավ, ամբողջ հովիտը բռնեց։ Արշակ թագավորը հրամայեց այդ դաստակերտի անունը իր անունով գնել Արշակավան։ Նրա մեջ նաև թագավորական ապարանք շինեցին։ Այնուհետև այլևս տիրոջից ամենևին չէին վախենում, ամենքը զրկանքներ էին կրում այդ պատճառով տրտունջ, բողոք, աղաղակ երկինքն էին բարձրացնում։ Այս գործի համար սուրբ Խադ եպիսկոպոսը շատ անգամ ընդդիմանում էր նրան և հանդիմանում, մանավանդ երբ նրան ստիպում էին, թե ե՛կ, Արշակավան ավանի եկեղեցում սեղան կանգնեցրու։ Իսկ նա նախատում ու հանդիմանում էր Արշակ թագավորին, բոլոր մեծամեծներին և իշխաններին։ «Բայց ես,— ասում էր տեղապահ եմ, ես իրավունք չունեմ որևէ բան անելու առանց իմ հոր, որ ինձ թողեց (տեղապահ)»։ Ապա Արշակ թագավորը կամեցավ խորամանկությամբ՝ պատիվների, ստացվածքների միջոցով խաբել սուրբ Խադ եպիսկոպոսին. տվեց նրան շատ ոսկի և արծաթ, արքունական ախոռից շատ նժույգներ՝ արքունական սարքերով, ոսկեթել կրծքակալներով ու փորակապերով. սրանցով կամենում էր նրան խաբել, համոզել, իր կողմը դարձնել։ Իսկ նա թագավորի առաջ աղքատներին էր բաժանում այն ստացվածքը, որ թագավորը տալիս էր, բայց հանդիմանությունը չէր պակասեցնում, մինչև որ թագավորը հրամայեց այն բանակից (այդ) Խադ եպիսկոպոսին հեռացնել։

Եվ նա գնաց երկրում շրջելու, բարեկարգելու, խրատելու, ուսուցանելու, խնամելու աղքատներին, ինչպես իրեն պատվիրել էր սուրբ Ներսեսը գնալիս։ Նրա ձեռքով կատարվում էին շատ հրաշքներ ու հիվանդների բժշկություններ, չափազանց շատ սքանչելի բաներ էր կատարում։ Բայց երբ նա օգնում էր աղքատներին և դատարկում էր բոլոր կճուճներն ու ամանները, գինու մառանները, մառանների բոլոր կարասները աղքատներին բաժանելով՝ մյուս օրր գնում տեսնում էր, որ նրանք նորից լցվել են, կարծես աստծու հրա-