Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պոսներն իրենց ժողովուրդներով, բոլոր նախարարները, գավառների տերերը։ Նրա առաջ էին բերում իրենց հիվանդները, և նա բժշկում էր նրանց, որի համար գոհություն ու փառք էին տալիս աստծուն. բոլոր մարդիկ այնպես էին սիրում հովվապետին, որ համարում էին, թե իրենք ևս նրա հետ գերությունից ետ են դարձել։

Մեծ ցնծությամբ շատ ուրախություն էին անում. ամեն ոք կատարում էր իր ուխտն աստծուն, որպեսզի իրենց հոգևոր գանձն ու հայրապետը, որ կարգվեց նրանց համար, ետ դառնա, և աստված կատարեց նրանց խնդրանքները, նրանց ցավալի որբությունը, նրանց սրտերը մաշող վշտերը փարատեց և նորից իրենց հոգևոր գթասիրտ հոր վարդապետությամբ բոլորին մխիթարեց. բոլորը զվարթացան, դժնդակ տրտմությունը ուրախության փոխվեց։ Ինքը՝ Արշակ թագավորը, նրան ընդառաջ գնաց մինչև Բաքասերի՝ կողմերը, և այնտեղից մեծ զվարթությամբ ետ եկան։ Երկրի կյանքը, եկեղեցիների կարգերը նորոգվեցին ու պայծառացան։

Արդ՝ երբ Ներսես հայրապետը Հայաստան վերադարձավ, վերահասու եղավ իր տեղապահի՝ սուրբ Խաղի գործերին և տեսավ, որ նա ճշմարտությամբ և ուղղությամբ էր գործել, գնացել էր տեր աստծու ճանապարհով, ո՛չ աջ էր շեղվել և ոչ ձախ, ուստի մեծ գոհություն էր մատուցում աստծուն, որ իր հոգևոր որդուն՝ Խադին, տեսավ այնպես, ինչպես ինքն էր կամենում։ Նրան ընդունեց սիրով ու կարոտով։ Բայց երբ Խադից լսում էր թագավորի բոլոր անօրինությունները, չար գործերը, ծուռ ընթացքը, տրտմում, լացուկոծ էր անում, ողբում էր ծանր հեծեծանքով, մանավանդ Արշակավան քաղաքի պատճառով, որ շինվեց շատ մեղքերով, անօրինությամբ, չարությամբ և հափշտակությամբ։

Ապա սուրբ Ներսես հայրապետը մտավ թագավորի մոտ, խոսեց նրա հետ և ասաց. «Ինչո՞ւ դու մոռացար տիրոջը... ինչո՞ւ թողեցիր նրա պատվիրանները, արարչին, որ ամեն ինչ ոչնչից ստեղծեց, որ որբերի հայրն է, այրիների դատավորը, որ մեզ համար աղքատություն կրեց. նա որ աղքատներին անտես չի անում, այլ իր մարդասիրությամբ նրանց խնամում է։ Աստված արդար դատավոր է, հզոր և երկայնա-