Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րան, որ ագահությամբ խլում է այն, որ իրենը չէ, որովհետև եթե գեղեցիկ ու մեծամեծ տներ լինեն, սակայն ավերակ կդառնան, քանի որ նրանց մեջ մարդ չի բնակվի, նրանք ոչխարների արոտատեղ կդառնան, գազանների, բորենիների որջեր, ճագարների ու աղվեսների ծերպեր, կռունկների և ագռավների բներ, ցանքերի արտեր, ուստի քո ձեռքերի շինածները կավերվեն ու էլ չեն շինվի, նրա մեջ բնակված բոլոր անօրենները միանգամայն կկոտորվեն. այնտեղ եզներ կպառկեն, ցիռեր կարածեն, աղվեսները նրա հարկերը ելումուտ կանեն, նրանք չեն շինվի, և նրանց մեջ հավիտյան մարդ չի բնակվի»։ Այս բոլորը խոսեց Ներսես հայրապետը և թագավորից հեռանալով՝ գնաց շրջելու Հայաստանի բոլոր գավառները՝ ուսուցանելու, եկեղեցիներում կարգեր հաստատելու։

Երանելի Ներսեսի բերանից ելած այս խոսքերից հետո հազիվ էր անցել երեք օր, որ աստված Արշակավան գյուղաքաղաքը հարվածների ենթարկեց։ Մարդկանց և անասունների վրա սկսեցին դուրս գալ չարորակ պալարներ, որ ոմանք կոչում են ժանտ։ Այս հարվածը երեք օրից ավելի չտևեց, որ (քաղաքը) անմարդացավ, մոտ քսան հազար ընտանիք կոտորվեց, մարդկանցից ոչ ոք կենդանի չմնաց, որովհետև բոլորը հանկարծակի կոտորվեցին, ոչնչացան. կոտորածն ընդհանուր էր։

Ապա ինքը՝ թագավորը, դուրս եկավ Ներսես հայրապետին փնտրելու. նրան գտավ և խնդրեց իր համար աղոթել, միգուցե ինքն էլ մեռնի, որովհետև ահաբեկ է եղել։ Այն ժամանակ Ներսես եպիսկոպոսապետը խոսել սկսեց թագավորի հետ և ասաց. «Որովհետև այս աշխարհիս վրա արդարներն ու մեղավորները խառն են ապրում, ուստի արդարների պատճառով մեղավորներն էլ խնայվում են և ապրում են. արդարների պատճառով մեղավորների կյանքն էլ երկարում է այս աշխարհում։ Ինչպես թշնամու ձեռքով մաքուր ցորենի մեջ ցանած որոմը, որ նրա հետ միասին բուսնում է, խնայվում է, մաքուր ցորենի հետ (աճում է) և կեղտոտ որոմը, միգուցե որոմը քաղհան անելիս ցորենն էլ պոկվի։ Այս պատճառով որոմն էլ ցորենի պես առժամանակ դարման-